Կարմիր գծերը խախտողներին հաղորդագրություն կուղարկվի

«Առաջարկում եմ, որ մեր ունեցած ավտոմեքենաների ոստիկանության բազաների միջոցով, այն քաղաքացիներին հեռախոսներին, որոնք կտուգանվեն կարմիր գծանշումների պահանջները խախտելու համար, հաղորդագրություններ գնան, որ իրենք տուգանվել են»,-այսօրվա գործակարգավարական խորհրդակցության ժամանակ «Փարկինգ սիթի սերվիս» ՓԲԸ-ի տնօրեն Վազգեն Հարությունյանին հանձնարարեց Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը:

Նա արձանագրեց, որ քաղաքապետարանը նման պարտավորություն չունի, փոստով է տեղեկացվում կամ «Ազդարար» կայքով, բայց առաջարկում է, որ համայնքը խախտման մասին ծանուցման ևս մեկ գործիք ունենա:

«Բայց համայնքի կողմից քաղաքացիներին տուգանելու նպատակ չի դրված: Որպեսզի գործընթացը մեղմացվի, հասկացե՛ք, թե ինչ ծրագրային լուծում ենք տալիս՝ երբ քաղաքացին տուգանվի, այդ ժամանակ նրա հեռախոսահամարին հաղորդագրություն գնա այդ մասին»,-պարզաբանեց Երևանի քաղաքապետը:

Խորհրդակցության ավարտին տրված հանձնարարակեններից մեկը վերիաբերում էր Դավթաշեն վարչական շրջանին:

«Դավթաշեն վարչական շրջա՛ն, ինձ համար անակնկալ էր, որ  ձեր կենտրոնական այգին այդպես անբարեկարգ վիկճակում է գտնվում: Այգու բարեկարգման համար նախագիծ պատվիրեք»,-հանձնարարեց Հրաչյա Սարգսյանը:

Քաղաքապետը նաև հայտնեց, որ Տիգրան Պետրոսյան և Փիրումյան փողոցների համար նոր ճանապարհ պետք է կառուցվի Քասախին միանալու համար:

«Ձեզ նախնական հաշվարկն ուղարկել եմ, դրա համար նախագիծ մշակեք, որ Փիրումյանն ու Տիգրան Պետրոսյանը գնան միանան Քասախին, դրանով վերջիններս կբեռնաթափվեն»,-հանձնարարեց Երևանի քաղաքապետը: