«Փեթակ»-ի տնտեսվարողները պահանջում են բացել առևտրի կենտրոնը

«Փեթակ» առևտրի կենտրոնի տնտեսվարողներն այսօր՝ օգոստոսի 22-ին, բողոքի ակցիա են իրականացնում առևտրի կենտրոնի հարակից տարածքում։

Նրանք պահանջում են բացել առևտրի կենտրոնը, պնդելով, որ այսպիսով տնտեսվարողները տնտեսական վնասներ են կրում։

«Փեթակ»-ը փակ է օգոստոսի 14-ից, երբ հարևանությամբ գտնվող «Սուրմալու» առևտրի կենտրոնի ողբերգական պայթյունից հետո։ Ըստ իրավապահների՝ հարակից խանութները փակ են՝ քաղաքացիների անվտանգության նկատառումներով։

Հիշեցնենք, որ «Սուրմալու» առևտրի կենտրոնում օգոստոսի 14-ին տեղի է ունեցել ուժեղ պայթյուն, ինչի հետևանքով կա 16 զոհ։ Անհետ կորած է համարվում 1 քաղաքացի։ Տուժածների ընդհանուր թիվը 61 է։ Տարբեր հիվանդանոցներում բուժումը շարունակում է 3 տուժած, նրանց առողջական վիճակը գնահատվում է բավարար: Մյուս հոսպիտալացվածները վիճակի դրական դինամիկայով դուրս են գրվել: Պայթյունի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ ՔՕ 357-րդ հոդվածի 2-րդ մասի (Հրդեհային անվտանգության կանոնները կամ պահանջները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետևանք) և 358-րդ հոդվածի 2-րդ մասի (Դյուրավառ կամ այրիչ նյութերի պահպանման, հաշվառման, փոխադրման, առաքման կամ օգտագործման կանոնները կամ պահանջները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետևանք) հատկանիշներով։