Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն այսօր հնարավոր է համարել COVID-19-ի առաջացմանն ԱՄՆ-ի մասնակցությունը

ՌԴ-ի ոչ միայն ՌԴ-ի դեմ կորոնավիրուսի նոր շտամով գրոհն արդեն սկսված է

 

Իհարկե, սրա մասին տարբեր մասնագետներ, փորձագետներ, վերլուծաբաններ վաղուց էին խոսում, իրենց ենթադրությունները հիմնավորում որոշակի փաստարկներով ու դրանցից տրամաբանորեն բխող եզրակացություններով, բայց որ այս մասին հայտարարությամբ հանդես կգա Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը, դա արդեն պետք է գնահատել շատ կարևոր ու հաստատ սկանդալային: Կարծում ենք, առաջիկայում Չինաստանն էլ կարձագանքի, անտարբեր չի մնա, քանի որ տվյալ իրողությունը սերտորեն կապված է իր անվտանգության հետ:

ՌԴ պաշտպանության նախարարությունն օգոստոսի 4-ին հայտարարել է, որ դիտարկում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) մասնակցության հնարավորությունը COVID-19-ի ի հայտ գալու գործում։

ՊՆ-ն պարզաբանել է, որ 2009 թվականից ԱՄՆ ՄԶԳ-ն ֆինանսավորել է «Predict» (թարգմանաբար` «Կանխատեսել») ծրագիրը` նոր կորոնավիրուսների ուսումնասիրության համար, իրականացվել է վիրուսի չղջիկ- փոխանցողների որս: Նշվում է, որ ծրագրի կապալառուներից մեկն Ուկրաինայում իր ռազմակենսաբանական գործունեությամբ հայտնի «Metabiota»-ն էր։ Դե, թեկուզ միայն սա, արդեն բավարար է համապատասխան եզրակացության համար:

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ 2019թ., մինչ COVID-19-ով առաջին հիվանդացածների ի հայտ գալը, ամերիկյան Հոփկինսի ինստիտուտում անցկացվել են նախկինում անհայտ կորոնավիրուսի համաճարակի պայմաններում գործողությունների մշակման «Event-201» (թարգմանաբար` «Միջոցառում-201») վարժություններ:

Իհարկե, ԱՄՆ-ի Հոփկինսի ինստիտուտում վանգաներ չէին աշխատում, չէին կարող կանխատեսել նոր, նախկինում անհայտ կորոնավիրուսի համաճարակ, ու դրա պայմաններում ինչ- որ գործողությունների իրականացման ծրագրեր մշակել, վարժություններ անցկացնել:

ՌԴ պաշտպանական գերատեսչությունում նշել են, որ COVID-19-ի զարգացման սցենարի իրականացումը և USAID-ի կողմից «Predict» ծրագիրն արտակարգ ավարտելը թույլ են տալիս խոսել համավարակի կանխամտածված բնույթի և դրա սկզբնավորմանն ԱՄՆ-ի մասնակցության մասին։

Ռուսաստանի ՊՆ-ն նաև հիշեցրել է, որ 2022թ. մայիսին միջազգային բժշկական հեղինակավոր «Lancet» ամսագրի առաջատար փորձագետ Ջեֆրի Սաքսն հայտարարել է, որ կորոնավիրուսը ստեղծվել է արհեստականորեն և, մեծ հավանականությամբ, կենսատեխնոլոգիայի ոլորտում ամերիկյան ձեռքբերումների կիրառմամբ։

«Մեր մասնագետների կարծիքով, այդ մասին վկայում է կորոնավիրուսների մեծամասնությանը ոչ բնորոշ գենատարբերակների փոփոխականությունը` հարուցող հիվանդացության տարբեր բարձրակետեր, մահացության և վարակելիության էական տարբերություններ, անհավասար աշխարհագրական տարածվածություն, ինչպես նաև համաճարակային գործընթացի անկանխատեսելի բնույթ ընդհանրապես»,- պարզաբանել են նախարարությունից։

Ինչպես եզրակացրել են ՌԴ պաշտպանության նախարարությունում, ստացվում է այն տպավորությունը, որ չնայած հիվանդներին տեղայնացնելու և մեկուսացնելու գործադրվող ջանքերին, համավարակն արհեստականորեն սնուցվում է այս կամ այն տարածաշրջան վիրուսի նոր տարբերակներ նետելով:

Հավելենք, որ համավարակի դեմ պայքարի Ռուսաստանի դաշնային օպերատիվ շտաբն այսօր տեղեկացրեց, որ Ռուսաստանում վերջին 4 ամսվա ընթացքում կորոնավիրուսով հիվանդացության նոր ռեկորդ է գրանցվել. ՌԴ-ում, ապրիլի սկզբից ի վեր, առաջին անգամ հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման ավելի քան 17 000 նոր դեպք։ Ռուսաստանի և ոչ միայն Ռուսաստանի դեմ կորոնավիրուսի նոր շտամով գրոհը կամ կենսաբանական պատերազմն արդեն սկսված է:

 

Արթուր Հովհաննիսյան