Ադրբեջանը կասեցրել է ԱՄՆ ընկերությունների գործունեությունը երկրում, որոնց արտադրանքը ներկայացված է ԼՂ-ում. Պետդեպարտամենտ

Ադրբեջանի կառավարությունը «կասեցրել կամ սպառնացել է դադարեցնել ամերիկյան ընկերությունների գործունեությունը երկրում, որոնց արտադրանքը կամ ծառայությունները մատուցվում են Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում, որը ներկայումս գտնվում է ռուս խաղաղապահների վերահսկողության տակ»: Այս մասին ասվում է Ադրբեջանում 2022 թ. ներդրումային միջավայրի վերաբերյալ ԱՄՆ Պետդեպարտամենտի հայտարարության մեջ։

Նշվում է, որ Ադրբեջանի իշխանություններն արգելել են Լեռնային Ղարաբաղ այցելած որոշ անձանց մուտքը երկիր։ «ԱՄՆ կառավարությունը չի կարող շտապ օգնություն ցուցաբերել ԱՄՆ քաղաքացիներին Լեռնային Ղարաբաղում և դրա շրջակայքում, քանի որ նրանց մուտքը սահմանափակ է»:

«Նոյեմբերին Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի կողմից եռակողմ հրադադարի մասին հայտարարության հրապարակումից հետո, որը դադարեցրեց ինտենսիվ մարտերը Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում 2020-ի աշնանը, Ադրբեջանի կառավարությունը նոր ներդրումներ է փնտրում Լեռնային Ղարաբաղի շրջակա տարածքներում, որոնք նախկինում հայամետ անջատողականների վերահսկողության տակ էին:

Ադրբեջանի 2022 թ. բյուջեն նախատեսում է 2.2 միլիարդ մանաթ (1,3 միլիարդ ԱՄՆ դոլար) հատկացնել այդ տարածքների վերականգնման համար։ Հաղորդվում է, որ այդ միջոցները կուղղվեն ճանապարհային ենթակառուցվածքների, էլեկտրաէներգիայի, գազի, ջրի, կապի ենթակառուցվածքների, կրթության և առողջապահության, ինչպես նաև մշակութային և պատմական հուշարձանների վերականգնմանը։ Կառավարությունը տարածաշրջանում նաև մաքուր էներգետիկայի ծրագրեր է իրականացնում։ Ակնկալվում է, որ վերակառուցումն առաջիկա տարիներին կշարունակվի՝ այդ տարածքների վերականգնման և բնակեցման համար նախատեսված բյուջետային հատուկ հատկացումների պահպանման հետ միասին»,- ասված է հայտարարության մեջ: