ԱՄՆ-ը 120 մլն դոլար է հատկացնում Հայաստանին ժողովրդավարության և տնտեսության կայունացման համար

Կառավարությունն այսօր չզեկուցվող հարցերի թվում հաստատեց «ՀՀ-ի և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև զարգացմանն ուղղված համագործակցության դրամաշնորհային համաձայնագիրը հաստատելու մասին» ՀՀ նախագահի հրամանագրի նախագիծը, որով 120 մլն դոլար կահտկացվի Հայաստանին ժողովրդավարության և տնտեսական կայունության ամրապնդմանն ուղղված բարեփոխումների գործընթացների համար:

Վերոնշյալ գումարից 68,56 մլն դոլարը ժողովրդավարության խթանմանը կուղղվի, իսկ 51,4 մլն դոլարը՝ տնտեսական անվտանգության բարելավմանը:

«Հաշվի առնելով COVID-19 համավարակով և Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծած պատերազմով պայմանավորված ցնցումները, ինչպես նաև 2021թ. կայացած արդար և թափանցիկ խորհրդարանական ընտրությունները՝ սույն փաստաթղթով Ամերիկայի Միացյալ Նահանգները հանձնառություն է վերցնում աջակցելու Հայաստանի Հանրապետությանը՝ արդյունավետ և հաշվետու կառավարման կայացման, ժողովրդավարական ձեռքբերումները պահպանելու, ինչպես նաև տնտեսական մարտահրավերները հաղթահարելու ուղղություններով»,-ասվում է համաձայնագրում: