Գյումրեցի Լիլիթ Խաչատրյանը 14-րդ երեխային է լույս աշխարհ բերել
Գյումրեցի Լիլիթ Խաչատրյանը 40 տարեկան է, բայց արդեն 14 երեխաների մայր է՝ 7 տղա, 7 աղջիկ: Երեխաներից ամենամեծը 22 տարեկան է, ամենափոքրը՝ Աննան, հուլիսի 9-ին է լույս աշխարհ եկել: Գրում է ԳԱԼԱ-ն։
Խաչատրյանների ավագ դուստրը՝ 22-ամյա Շուշանը, զբաղվում է նկարչությամբ։ Տանը կան հինգ դպրոցականներ, ամեն մեկը մի երաժշտական գործիք նվագում է։ 20-ամյա Հեղինեն սովորում է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղի միանգամից երկու բաժիններում․ նա ապագա երաժշտագետ ու դաշնակահար է: Որդիներից Զավենը սովորում է բժշկական քոլեջում, մյուս որդին՝ Հովսեփը, արհեստագործական ուսումնարանում:
Տիկին Լիլիթն ասում է, որ Աննան կապույտ աչքեր ունի, բայց դեռ էնքա՜ն է փոխվելու աչքերի գույնը:
«Մեզ համար երեխայի սեռը կարևոր չի եղել, Աստված ինչ կամեցել է, առողջ բալիկ լինի: Իմ 14 երեխաներն էլ սպասված են եղել, և յուրաքանչյուր երեխայիս ծնունդը նորովի ուրախություն է բերել մեր տուն: Երեխեն Աստծո պարգևն է, ու մարդը Աստծո ձեռքից է ընդունում երեխային, և դա արդեն իսկ ոգևորում է: Մենք պատերազմում մի ամբողջ սերունդ ենք կորցրել, պիտի շատ երեխաներ ծնվեն, մենք շատ ենք կորցրել… Դժվարություններ էլ իհարկե կան, բայց այդ դժվարությունները չպետք է խանգարեն, որ հայ ընտանիքներում շատ երեխաներ ծնվեն:
Ես խորհուրդ եմ տալիս, որ բոլոր ծնողները մտածեն շատ երեխաներ ունենալու մասին, չսահմանափակվեն 1-2 երեխայով»,-ԳԱԼԱ-ի հետ զրույցում պատմում է գյումրեցի բազմազավակ մայրը:
Լիլիթ Խաչատրյանը դեմ է աբորտին, ասում է՝ ոնց կարող ես Աստծո տված պարգևը մեկն ընդունել, մյուսի կյանքն ընդհատել, դա սպանություն է, ո՞նց կարող է մարդը իր երեխային սպանել։
Գյումրեցի բազմազավակ մայրը չի բացառում, որ իրենց ընտանիքում նորից զավակներ կծնվեն, ասում է՝ Աստված ինչքան կամեցավ:
Լիլիթ Խաչատրյանն ասում է, որ երբևէ չի սպասել օժանդակության, 40-ամյա կինն ասում է՝ իրենք են իրենց խնդիրները լուծում, շեշտում է, որ հատկապես պատերազմից հետո պիտի ծնունդները շատ լինեն:
Տիկին Լիլիթը շատ է ուրախանում, երբ տեսնում է՝ պատերազմում որդիներին կորցրած մայրերը որոշում են նորից մայրանալ: Ասում է՝ դա հույս է, ինչ-որ չափով մխիթարություն, հետո հավելում՝ ամեն երեխա իր տեղն ունի, մեկը մյուսի տեղը չի լրացնի, բայց կյանքը ամեն դեպքում պիտի շարունակվի: