Նիկոլը և Արարատ Միրզոյանը ծանր երկընտրանքի առջև. Լավրովը նրանց կոկորդը պետք է որ բռնած լինի ամերիկյան կենսալաբորատորիաների առնչությամբ

Հայաստանում ԱՄՆ ռազմական գերատեսչության` Պենտագոնի ֆինանսավորմամբ, ամերիկյան մասնագետների ներգրավմամբ, ուղղորդմամբ, վերահսկողությամբ, փաստացի ղեկավարմամբ կամ համակարգմամբ գործող կենսալաբորատորիաները, դրանց, մեղմ ասած, կասկածելի ու վտանգավոր գործունեությունը, նշված կենսալաբորատորիաների գործունեության նկատմամբ բավարար վերահսկողության համար անհրաժեշտ հնարավորությունների ձեռքբերումը պարզապես չեն կարող դուրս լինել երեկ աշխատանքային այցով Հայաստան ժամանած ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի օրակարգից: Եվ դա լիովին հասկանալի է…

Ինչպես ավելի վաղ նշել ենք, Հայաստանում գործող, սոսկ դե յուրե կամ ձևականորեն Հայաստանին պատկանող, սակայն փաստացի ամերիկյան կենսալաբորատորիաները նույնպես, դատելով ամենից, ներգրավված են Միացյալ Նահանգների ռազմակենսաբանական ծրագրերում, նշված լաբորատորիաներում ևս, ինչպես Ուկրաինայում գտնվողներում, մշակվել ու մշակվում են կենսաբանական զենքի նորագույն բաղադրիչներ: Այս առումով դրանք գլոբալ վտանգ են ներկայացնում ոչ միայն ՌԴ ռազմավարական դաշնակից Հայաստանի, այլև հենց Ռուսաստանի ազգային անվտանգության համար:

Մեր ընթերցողներին ավելի վաղ տեղեկացրել ենք նաև, որ ամերիկյան կողմը ոչ միայն ֆինանսավորել է վերոնշյալ կենսալաբորատորիաների շենքերի հիմնանորոգումը, դրանք վերազինել լաբորատոր արդիական սարքավորումներով, ոչ միայն ֆինանսավորում է դրանց ընթացիկ գործունեությունը կամ կենսալաբորատորիաներում առանձին ծրագրերի իրականացումը, այլև ուղղորդում, վերահսկում, փաստացի ղեկավարում կամ համակարգում է հիշյալ լաբորատորիաների գործունեությունը, ինչը թե «հայկական», թե ամերիկյան կողմը ներկայացնում են իբրև համագործակցություն:

Չնայած կորոնավիրուսային համավարակի տարածման պայմաններում ամերիկյան կենսալաբորատորիաների հետ կապված մեր երկրի բնակչության դժգոհության աճին, Հայաստանի կառավարությունը 2019թ. նույնպես երկարաձգել է Պենտագոնի պաշտպանական սպառնալիքների նվազեցման գործակալության հետ «Համատեղ կենսաբանական գործունեության ծրագրի» շրջանակներում կնքված համաձայնագիրը, ինչպես և երկարաձգել է Ուկրաինայի կառավարությունը: Հայաստանի հայադավ իշխանությունները ԱՄՆ-ին կանաչ լույս են տվել ծրագիրն իրականացնել առնվազն մինչև 2025թ.:

Ավելին. Պենտագոնը մտադիր է Հայաստանի հետ համագործակցությունը 2025 թվականից հետո ևս շարունակել հիվանդությունների առանձնապես վտանգավոր հարուցիչների (ախտածինների) ուսումնասիրության գործում: Ի դեպ, 2019 թվականից ծրագիրն անվանափոխվել է` կոչվելով «Կենսաբանական ռիսկերի նվազեցման ծրագիր», իսկ իրականում, հատկապես վերջերս Ուկրաինայի կենսալաբորատորիաների հետ կապված սկանդալային բացահայտումներից հետո, գրեթե համոզված եմ, որ այս շիրմայի տակ կատարվում է ճիշտ հակառակը` կենսաբանական լրջագույն ռիսկերն ավելացվում են…

Այսօր առավոտյան Հայաստանի ոստիկանական բռնապետության արտաքին գործերի նախարարությունում ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հանդիպել է  Հայաստանի արտգործնախարարի պաշտոնը զբաղեցնող Արարատ Միրզոյանի հետ: Կասկածից դուրս է, որ Միրզոյանի հետ առանձնազրույցի ընթացքում Լավրովը բարձրացրել է նաև Հայաստանում գործող վերոնշյալ կենսալաբորատորիաների գործունեության դադարեցման կամ առնվազն դրանցում ամերիկյան մասնագետների գործունեության բացառման, ինչպես նաև Ռուսաստանի կողմից կենսալաբորատորիաների գործունեության նկատմամբ օպերատիվ ու բավարար վերահսկողության համար անհրաժեշտ հնարավորությունների (ցանկացած պահի, առանց նախնական տեղեկացման, անարգել, անխոչընդոտ ու հանգամանալի ստուգումներ և այլն) ձեռքբերման խնդիրները:

Ընդգծենք, որ ՌԴ կողմից վերոնշյալ վերահսկողության համար անհրաժեշտ հնարավորությունների ձեռքբերման պահանջը պետք է դիտարկել ոչ թե որպես Հայաստանի ինքնիշխանության (առավել ևս, եթե նկատի ունենանք այստեղ Արևմուտքի դերակատարումը, ձևական, ըստ էության, գոյություն չունեցող ինքնիշխանության) խախտում, այլ ՀԱՊԿ-ին անդամակցության և Ռուսաստանի հետ ռազմավարական դաշնակցային հարաբերությունների, ինչպես նաև թերևս արդեն ստորագրված համապատասխան հուշագրի շրջանակներում կամ դրանց տրամաբանությունից բխող Հայաստանի պարտավորությունների կատարման պահանջ: Նաև` Ռուսաստանի նկատմամբ եղած գլոբալ անվտանգային մարտահրավերը չեզոքացնելու պահանջ:

Ինչպես արդեն հայտնի է, ՌԴ արտգործնախարարի այցին ընդառաջ, ԱԳՆ շենք է գնացել նաև ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում ու համապատասխան տեսանյութում տեղեկացրել է «Ազգային ժողով» կոչվածի պատգամավոր, «Հայաստան» խմբակցության անդամ Ագնեսա Խամոյանը: Նա մասնավորապես ասել է.

«Ուշագրավ է, որ բառացիորեն րոպեներ առաջ արտաքին գործերի նախարարության շենք ժամանեց Ամերիկայի դեսպանը: Հետաքրքիր է, որ Լավրովի այցից անմիջապես առաջ ԱՄՆ դեսպանն է այստեղ գալիս: Ես, իհարկե, չգիտեմ այցի նպատակը որն է, ենթադրում եմ, հավանաբար, մամուլի հաղորդագրություն կլինի»:

Հայաստանի ԱԳՆ Թրեյսիի այցի կապակցությամբ, ԱԳՆ և Հայաստանում ԱՄՆ դեսպանատան կայքերը վկա, մամուլի հաղորդագրություն չեղավ:

Բացառված չէ, որ Լին Թրեյսին նախապես տեղեկացված լինելով Հայաստանի արտգործնախարարությունում այսօր պարոն Լավրովի կողմից վերոնշյալ խնդիրների բարձրացման մասին կամ առնվազն ենթադրելով, հասկանալով դրա անխուսափելիությունը, մեկ այլ առիթով ԱԳՆ այցելելու, այնտեղ գտնվելու հնարավորությունն օգտագործած լինի Լավրովի հետ հանդիպելու, նրա հետ բանակցելու համար, որպեսզի մի կերպ տապալումից փրկի Հայաստանում Պենտագոնի ռազմակենսաբանական ծրագրերի իրագործումը: Բայց եթե իրոք եղել է վերոնշյալ նպատակով հանդիպում, ապա վստահ ենք, որ անարդյունք, այսինքն` Թրեյսին Լավրովին չի կարող համոզած լինել…

Դժվար է ասել` ԱԳՆ այցելելը Թրեյսիի կամ նրա ղեկավարությա՞ն նախաձեռնությունն է եղել, թե՞ ԱՄՆ դեսպանը Հայաստանի արտգործնախարարություն է ժամանել արտգործնախարարի պաշտոնը զբաղեցնող Արարատ Միրզոյանի նախաձեռնությամբ, նրա հրավերով, թե մենք չենք կարողանա Լավրովին պատասխանել, եկեք դուք պատասխանեք…

Ահա թե ԱԳՆ Թրեյսիի այցի կապակցությամբ ֆեյսբուքյան իր էջում ինչ է գրել  տեղեկատվական անվտանգության հարցերով փորձագետ Տիգրան Քոչարյանը.

«Ամեն ինչ տեսել էի, բայց որ Լավրովի գալուց առաջ ԱՄՆ դեսպանը վազելով գա ԱԳՆ, չէի տեսել։

Արարատ Միրզոյան ջան, դու հաց ուտելիս կամ զուգարան գնալիս ազա՞տ ես դա անում, թե միմիայն Լինն Թրեյսիի բարձր հովանավորությամբ ու  թույլտվությամբ»:

Միանգամայն սպասելի է, որ Սերգեյ Լավրովը վերոնշյալ կենսալաբորատորիաների հետ կապված խնդիրները բարձրացրել է նաև Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլի հետ, ինչպես նաև բարձրացնելու է վաղը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության արտգործնախարարների խորհրդի նիստին։

 

Արթուր Հովհաննիսյան