Նիկոլ, պատրաստ ենք քո ուզած տեղում հանդիպելու․ Իշխան Սաղաթելյան

«Բոլոր մուտքերը շրջափակված են։ Մենք այստեղ ենք մեր պահանջով՝ դեռ 2,5 ժամ հնարավորություն կա գումարելու Ազգային ժողովի նիստ ստեղծված իրավիճակից դուրս գալու համար։ Կառավարության առջև ենք, որովհետև այս շենքից է ղեկավարվում խորհրդարանը»,- կառավարության դիմաց հայտարարեց ՀՅԴ ԳՄ անդամ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը։

Նա նշեց, որ այստեղ նստած մարդը, ով դուխով գրությամբ գլխարկով ման էր գալիս ու համարձակությունից խոսում, երբ իմացել է, որ իրենք Ֆրանսիայի հրապարակից շարժվում են դեպի կառավարություն, դրանից 5 րոպե անց այստեղից փախել է։

«Բայց դա իրեն չի փրկում։ Կառավարության շենքում կան մի քանի հարյուր աշխատակիցներ, կառավարության անդամներ, որոնք այս պահին ժողովրդի կողմից գտնվում են շրջափակման մեջ և ասում ենք՝ Նիկոլ, ո՞ւր ես փախել, արի այստեղ, արի հարցերին պատասխան տուր։ Եթե այդքան համարձակություն չունես, պատրաստ ենք քո ուզած տեղն ու վայրում հանդիպելու, բայց երկար փակվել չես կարող, շարունակելու ենք շենքի շրջափակումը մինչև ստանանք մեր հարցերի պատասխանը։ Մինչև 20։00-ն Ազգային ժողովի նիստ հրավիրելու հնարավորություն կա։ Մենք եկել ենք մեր պահանջի հետևից։

Մենք մեր պահանջի տերն ենք, սպասում են պատասխանին»,- հայտարարեց Սաղաթելյանը։

Հիշեցնենք՝ Ազգային ժողովի ընդդիմադիր պատգամավորների նախաձեռնությամբ հրավիրվել էր Ազգային ժողովի արտահերթ նիստ, որի օրակարգում մեկ հարց էր՝ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների կողմից ներկայացված հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերությունների կապակցությամբ ԱԺ հայտարարության նախագիծը։ ՔՊ-ն բոյկոտեց նիստը և քվորում չապահովեց։