Այնպես չլինի, թե փողի համար են երեխա ունենալու, մարդիկ պետք է իրենց ընտանիքը պլանավորեն․ Փաշինյան

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն այսօր՝ հունիսի 2-ին, կառավարության նիստում ասել է, որ անհրաժեշտություն է առաջացել լրացուցիչ 400 մլն դրամ հատկացնել երեխա ունեցող ընտանիքներին՝ բնակարանային ապահովման աջակցության 2020-2023 թվականների ծրագրերի համար: Նախարարը տեղեկացրել է, որ ծրագիրն ունի երեք բաղադրիչ։

Առաջին բաղադրիչով միանվագ աջակցություն է տրամադրվում մարզային բնակավայրերում հիպոտեկային վարկով բնակարան ձեռք բերելու համար:

Երկրորդով՝ հիպոտեկով բնակարան ձեռք բերող շահառուին տրամադրվում է դրամական աջակցություն՝ տարեկան ապահովագրավճարը մարելու համար։

Իսկ երրորդ բաղադրիչով՝  հիպոտեկային վարկ մարող ընտանիքում երեխա ծնվելու դեպքում ընտանիքին տրվում է միանվագ աջակցություն: Եթե ընտանիքում ծնվում է առաջին կամ երկրորդ երեխան, այդ վարկի մնացորդի 10 տոկոսի չափով գյուղերում և 5 տոկոսի չափով Երև անում, բայց ոչ ավելի քան 500 հազար դրամի աջակցություն է տրվում: 3-րդ և  4-րդ երեխայի դեպքում այդ չափը կազմում է  2 մլն դրամ: Եթե շահառուի տարիքը չի գերազանցում 30-ը և  ծնվում է երրորդ երեխան, ապա պետությունը մինչև  4 մլն դրամ աջակցություն է տրամադրում: Փաշինյանի խոսքով, ծրագիրը սկսել է թափ հավաքել և պետք է անհրաժեշտ իրազեկում իրականացվի։

«Այնպես չլինի, թե փողի համար են երեխա ունենալու։ Չէ՛, ընտանիքի պլանավորումը նորմալ, քաղաքակիրթ բան է, և մարդիկ պետք է իրենց ընտանիքը պլանավորեն։ Եվ ես չեմ տեսնում, որ իմ հանձնարարականը պատշաճ ձևով իրականացվում է։ Մարզում խոսում ես մարդկանց հետ, հարցնում, թե այսպիսի ծրագիր կա, օգտվո՞ւմ եք՝ տեղյակ չեն։ Առաջիկայում պլանավորում ենք, որ մարզային այցեր ենք ունենալու, եթե հարցրի՝ տեղյա՞կ եք ծրագրից, ասացին՝ չէ, արագ խորհրդակցություն եմ հրավիրելու»,- ասաց վարչապետը։ Փաշինյանը նաև հավելել է, թե մարզերում բնակարան ձեռք բերելու համար աջակցություն է տրամադրվում բոլոր այն ընտանիքներին, ովքեր ունեն երկու անչափահաս երեխա։

«Աջակցությունը հետևյալն է՝ ձեռք բերվող բնակարանի արժեքի 5 տոկոսը միանվագ վճարում է պետությունը»,- հավելեց վարչապետը։

Հիշեցնենք, որ ներկայացվող նախագծի նպատակը երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության 2020-2023 թթ. ծրագրերի, այդ թվում՝ միանվագ դրամական աջակցության, կանխավճարի ապահովագրության և երեխայի ծննդյան աջակցության ծրագրերի շրջանակներում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ պայմանագիր կնքած բանկեր կամ վարկային կազմակերպություններ դիմած, ինչպես նաև երեխայի ծննդյան աջակցության ծրագրի շրջանակներում նախարարություն դիմած քաղաքացիներին աջակցության տրամադրման գործընթացի ապահովումն է՝ վերոնշյալ որոշմամբ սահմանված ընթացակարգերին ու ժամկետներին համապատասխան։