Փաշինյանի դեմ բողոքի քննությունը կրկին հետաձգվեց

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Կարեն Բիշարյանի, այսօր՝ մայիսի 30-ին, դռնփակ ռեժիմով քննվող վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ պետական դավաճանության հոդվածով քրեական գործ չհարուցելու որոշման դեմ բողոքը հետաձգել է։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը լրագրողների հետ զրույցում ասաց․«Դատական նիստը նշանակված էր կես ժամ ռեժիմով, որի վերաբերյալ մեզ դատավորը տեղեկացրեց նիստը սկսվելուց հետո, երբ արդեն անցել էր 15-ից 20 րոպե։ Այս նիստի ընթացքում դատախազներին տրվեց խոսք, որպեսզի դատախազներն արտահայտեն իրենց տեսակետը տուժողների հարազատներին՝ որպես շահագրգիռ անձ ներգրավվելու վերաբերյալ»։

Արծվիկ Մինասյանն ասաց, որ միջնորդել է դատարանին՝ այդ քննությունն անցկացնել դռնբաց ռեժիմով. «Ես միջնորդեցի, քանի որ նախորդ դատական նիստում կայացվել է անսպասելի որոշում, որի արդյունքում խաթարվել է իրական արդարադատությունը, իրական շահը, հասարակության՝ տեղեկացվության իրավունքը, հաշվի առնելով գործի առանձնահատկությունը, հրատապ կարգով քննության առարկա դարձնել նախորդ դատական նիստում կայացված որոշումը վերացնելու և դատական նիստը բաց անցկացնելու հնարավորությունը։ Դատարանն առանց որևէ բառ ասելու՝ նայեց ժամին և ասաց, որ դատական նիստն այսօր ավարտվում է և հաջորդ նիստը նշանակվում հունիսի 1-ին՝ 12։30-ին»։

Հիշեցնենք, որ 2021 թվականի հունիս ամսին «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը և փաստաբան Հակոբ Մարտիրոսյանը հանցագործության մասին հաղորդում էին ներկայացրել, մասնավորապես, պահանջելով քրեական գործ հարուցել Նիկոլ Փաշինյանի կողմից կատարված առերևույթ պետական դավաճանության փաստի առթիվ։