Կարմիր բերետավորը բիրտ ուժ է կիրառում պատգամավոր Արամ Վարդևանյանի նկատմամբ (լուսանկարներ)

Կառավարության 3-րդ մասնաշենքի մուտքի մոտ «Դիմադրության» շարժման մասնակիցների և ոստիկանների միջև հրմշտոց սկսվեց. Ոստիկանները բիրտ ուժ կիրառելով  փորձում էին թույլ չտալ ցուցարարներին մուտքը մասնաշենք: Այդ ընթացքում կարմիրբերետավորները բիրտ ուժ կիրառեցին ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանի նկատմամբ: Մասնավորապես, ոստիկաններից մեկը հետևից կողմից ձեռքով սեղմում էր պատգամավորի վիզը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը ներկայացրել էր իրենց հայտարարության տեքստում ամրագրված պահանջները. «Յուրաքանչյուր պաշտոնյա հայտնի հստակ դիրքորոշում.

Հայաստանն աջակցելու է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի լիարժեք իրացմանը:

Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում:

Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության միջև պետք է լինի հուսալի ցամաքային կապ․ Արցախն անկլավ չի լինելու:

Հայաստանի Հանրապետությունն Արցախի ժողովրդի անվտանգության և ինքնորոշման իրավունքի իրացման երաշխավորն է:

Սահմանագծման և սահմանազատման աշխատանքները պետք է իրականացվեն ՀՀ ինքնիշխան տարածքից Ադրբեջանի զորքերի դուրս բերման նախապայմանով:

Սահմանագծման և սահմանազատման աշխատանքների արդյունքում բացառվում է Հայաստանի Հանրապետության ամբողջականության խաթարումը:

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում բացառվում է որևէ համաձայնություն, որը հարցականի տակ կդնի Հայոց ցեղասպանությունը:

Ադրբեջանի և Թուրքիայի հետ ճանապարհների ապաշրջափակումը չի կարող տեղի ունենալ միջանցքային տրամաբանությամբ»: