Բորիս Ջոնսոնը Զելենսկուն առաջարկել է Ռուսաստանի դեմ ռազմական դաշինք ստեղծել
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն առաջարկել է Ռուսաստանի դեմ նոր միջազգային դաշինք ստեղծել, գրում է Corriere Della Sera-ն՝ հղում անելով իր աղբյուրներին։
Ըստ թերթի տվյալների՝ Լոնդոնն առաջարկում է Բրյուսելի քաղաքականությունից և Մոսկվայի դեմ Գերմանիայի գործողություններից դժգոհ երկրներին միավորել նոր քաղաքական, տնտեսական և ռազմական դաշինքի մեջ, որը կդառնա ԵՄ-ի այլընտրանք։
«Վարչապետն առաջին անգամ նախաձեռնությունը ներկայացրեց Վլադիմիր Զելենսկուն, երբ Ուկրաինայի նախագահը նրան ընդունեց Կիևում ապրիլի 9-ին: Բորիս Ջոնսոնի մոդելը ներառում է Եվրոպական Համագործակցության ստեղծումը Միացյալ Թագավորության գլխավորությամբ: Բացի Ուկրաինայից, Լեհաստանից, Էստոնիայից, Լատվիայից և Լիտվայից, այն կարող է հետագայում ներառել նաև Թուրքիային: Ջոնսոնն առաջարկում է ստեղծել պետությունների դաշինք, որոնք նախանձախնդիր կերպով պաշտպանում են ազգային ինքնիշխանությունը, հանդես են գալիս ազատ տնտեսության օգտին և պատրաստ են հնարավորինս կոշտ դիրքորոշում ընդունել ռուսական ռազմական սպառնալիքի դեմ»,- ասվում է հոդվածում։