Խերսոնի մարզի իշխանությունները խոսել են Ռուսաստանի կազմ մտնելու մասին

Խերսոնի մարզը չի նախատեսում առանձին անկախ հանրապետություն լինել, նպատակը ռուսական մարզ դառնալն է, «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է շրջանի ռազմաքաղաքացիական վարչակազմի ղեկավարի տեղակալ Կիրիլ Ստրեմոուսովը։

«Մենք չենք նախատեսում լինել առանձին անկախ հանրապետություն: Մեր հիմնական խնդիրը Ռուսաստանի Դաշնության կազմում սուբյեկտ լինելն է»,- ասել է նա։

Այնուհանդերձ Ստրեմոուսովը նշել է, որ տարածաշրջանը չի շտապի ինքնորոշման հանրաքվե անցկացնել։ «Հաշվի առնելով, որ հանրաքվեի բոլոր արդյունքները, այնուամենայնիվ, չեն ճանաչվի արևմտյան երկրների կողմից, այսօր դրա անցկացումը ժամանակի վատնում է:  Հետևաբար մենք առայժմ չենք էլ մտածել հանրաքվե անցկացնելու մասին»,- ասել է վարչակազմի ղեկավարի տեղակալը։

Նրա խոսքով, նախ պետք է լիարժեք հաստատել խաղաղ կյանք, ձևավորել իշխանության ողջ ուղղահայացը, հասնել որոշակի կայունության, կառուցել սոցիալական և տնտեսական հատված, գործարկել աշխատաշուկան։