Իշխան Սաղաթելյանը ներկայացրեց 4 կետ՝ խաղաղության հասնելու համար

Մեր կարծիքով` ճիշտ ձևակերպելու և պատշաճ ներկայանալու դեպքում հայկական կողմը բանակցային գործընթացի մեկնարկին կարող է մոտենալ ավելի հիմնավոր, միջազգային հանրության համար ավելի ընկալելի և միջազգային իրավունքի տեսանկյունից ավելի անխոցելի դիրքերից։ Մենք ունենք իրական արժանապատվության հասնելու մեր մոտեցումները։ Այս մասին Ֆրանսիսյաի հրապարակում ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը և ներկայացրեց խաղաղության հասնելու կետերը։

«44-օրյա պատերազմից հետո ստեղծված իրավիճակում Հայաստանին մարտավարական առումով անհրաժեշտ է․

1) զերծ մնալ շտապողական, վտանգավոր և ճակատագրական կտրուկ քայլերից, մինչև աշխարհաքաղաքական տագնապալի իրավիճակի հարաբերական կայունացումն ու հստակեցումը,

2) ձևավորել անվտանգային այնպիսի մթնոլորտ, որը կանխատեսելի ու ընկալելի կլինի ռազմավարական դաշնակցի և տարածաշրջանային ու միջազգային այլ կարևոր գործընկերների համար, նոր աշխարհակարգի ստեղծման պայմաններում, անվտանգային և արդյունավետ հայանպաստ մեխանիզմների ապահովման նպատակով,

3) ռազմական, տեխնոլոգիական, ռազմաարդյունաբերական, տնտեսական և ենթակառուցվածքային բոլոր ուղղություններով անհապաղ մշակել և կյանքի կոչել հեռանկարային ու ռազմավարական հայեցակարգ,

4) համախմբել համայն հայության ողջ ներուժը և սփյուռքը պետք է դառնա մասնակից ու պատասխանատու համահայկական օրակարգային խնդիրների կենսագործման համար։

Մենք համոզված ենք, որ իրական խաղաղության, հաշտեցման և համագոյակցության ապահովմանը պետք է անպայմանորեն նախորդեն չլուծված խնդիրների վերաբերյալ փոխհամաձայնություններ։ Հայաստանը պետք է առաջարկի, որպեսզի հայ-ադրբեջանական օրակարգը բաժանվի 2 փուլի՝ առաջին դեպքում հարաբերությունների կարգավորման սկբունքների հստակեցում և համաձայնեցում, իսկ երկրորդ դեպքում` բուն խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններ և անհրաժեշտության պարագայում` պայմանագրի կնքում»,- ասաց Սաղաթելյանը։