ԱԱԾ կոչվածը գերազանցելով իր լիազորությունները, անցել է այլանդակ բռնաճնշումների և հենց ինքն է գործում ազգային անվտանգության դեմ
Կամաց վերադառնում են ստալինյան բռնաճնշումների տարիների վատագույն ավանդույթներին
Երբեմնի հեղինակավոր ու հարգարժան կառույցի հեղինակությունն այսօր, ցավոք, գրեթե շրիշակի մակարդակի է, ի՞նքն է իր հեղինակությունն իջեցրել նշված մակարդակին, թե այդպես վարվել իրեն ստիպել է Հայաստանի ոստիկանական բռնապետության թիվ 1 թշնամին` պահանջելով կատարել իր ապօրինի հրամանները, ԱԱԾ կոչվածում գիտեն կամ թող իրենք իրենց մեջ քննարկեն, պարզեն, համենայն դեպս, դա այլ խնդիր է:
Ի՞նչ հեղինակության, հարգանքի մասին կարող է խոսք լինել, երբ ԱԱԾ կոչվածը դեռ 2021 թվականից, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի պահանջների խախտմամբ, անտեսում է պետական դավաճանության կապակցությամբ ներկայացված հանցագործության մասին բազմաթիվ հաղորդումները…
Ի՞նչ հեղինակության, հարգանքի մասին կարող է խոսք լինել, երբ ԱԱԾ կոչվածը հանցավոր անգործություն դրսևորելով, համապատասխան միջոցառումներ չի ձեռնարկում ԶԼՄ-ների, սոցիալական ցանցերի, համացանցի օգտագործմամբ ու հրեշավոր ստերով, կեղծիքներով, զրպարտություններով Հայաստանի ռազմավարական դաշնակցի` Ռուսաստանի Դաշնության, նրա ղեկավարության, նկատմամբ մեր երկրի բնակչության շրջանում անվստահություն, թշնամանք, ատելություն սերմանող անձանց և քաղաքական կազմակերպությունների («Սասնա ծռեր», ԱԺԲ…) նկատմամբ, որոնցից որոշների կողմից թիրախ է նույնիսկ ռուս ժողովուրդը…
Եթե այսօրինակ հռետորական հարցերի թվարկումը շարունակեմ, լրագրային այս հոդվածը կարող է նույնիսկ վեպի ծավալ ունենալ, փաստերի պակաս չկա, հակառակը` նույնիսկ գերառատություն է, բայց, կարծում եմ, վերը թվարկածն էլ բավարար է համապատասխան պատկերացում ունենալու համար, թե Նիկոլի ժամանակներում ԱԱԾ կոչվածն իրականում իրենից ինչ է ներկայացնում, որքանով է ծառայում մեր ազգային անվտանգությանը:
Եվ հիմա ԱԱԾ կոչվածը հանկարծ հայտնաբերել է մեր ազգային անվտանգության համար «հույժ վտանգավոր» անձի` պրոդյուսեր Արմեն Գրիգորյանին, քրեական գործ հարուցել Քրեական օրենսգրքի 226-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշով, ձերբակալել նրան ինչպես խիստ վտանգավոր կրկնահանցագործի (տես` տեսագրությունը ), Գրիգորյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանքն ընտրելու միջնորդություն- պահանջ ներկայացրել դատարան, վերջինս էլ, մեղմ ասած, ի ամոթ իրեն, կատարել է այդ պահանջը կամ նիկոլական ինչ- որ վերին պատվերը, և Արմեն Գրիգորյանին 2 ամսով կալանավորելու որոշում կայացրել:
Վերոնշյալ հղմամբ կարդանք ԱԱԾ կոչվածի ս. թ. մայիսի 17-ի հաղորդագրությունը` «Ազգային արժանապատվությունը նվաստացնող դեպքերը ՀՀ ազգային անվտանգության ծառայության տեսադաշտում (տեսանյութ)» վերտառությամբ, ինչից արդեն իսկ պարզ է, որ Արմեն Գրիգորյանին վերագրվել է ազգային արժանապատվությունը նվաստացնող արարք:
Բնականաբար, հարց է առաջանում` իսկ ո՞ւմ ազգային արժանապատվությունն է նվաստացրել… Ահա հենց այստեղ է, որ ի հայտ է գալիս ԱԱԾ կոչվածի բացահայտ ու լկտի կեղծիքը, հերյուրանքը, քանի որ վերոնշյալ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ (կարծում եմ, հասկանալի է, թե ինչի կամ ում ծառայության) պաշտոնական հաղորդագրության համաձայն` Արմեն Գրիգորյանը «հրապարակայնորեն նվաստացրել է Շիրակի և Արարատյան դաշտավայրերի բնակչության ազգային արժանապատվությունը և մտացածին գաղափարներով կասկածի տակ դրել նրանց էթնիկ ծագումնաբանությունը»: Իյա՜, լո՞ւրջ…
Պատասխանատու կերպով հայտարարում եմ, որ ԱԱԾ կոչվածի հաղորդագրության այս 3- 4 տողում առկա է իրականության ակնհայտ նենգափոխման փաստ, ավելին` երեք սուտ, կեղծիք, հերյուրանք կա Արմեն Գրիգորյանի նկատմամբ:
Շարունակելի
Արթուր Հովհաննիսյան