Մենք չէինք նախատեսել, որ բեռնափոխադրումների ամբողջ ծավալը պետք է տեղափոխվի Տաթև-Աղվանի հատված. Փաշինյան

Նախորդ տարի Սյունիքի մարզում արտակարգ ռեժիմով կառուցվեց Տաթև-Աղվանի ճանապարհը, բայց երբ նախագծում էինք, չէինք նախատեսել, որ բեռնափոխադրումների ամբողջ ծավալը պետք է տեղափոխվի այդ հատված: Այս մասին այսօր՝ մայիսի 13-ին, կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ճանապարհը ավելի շատ միջհամայնքային ու տուրիստական նշանակության ճանապարհ էր նախատեսվել, դրա համար խնդիրներ են առաջացել: Կաշխատենք, որ ճանապարհը բերենք պատշաճ տեսքի, բայց մի բանում վստահ ենք, որ բոլոր նախագծերն իրականացնելու դեպքում կունենանք շատ ավելի լավ, շատ ավելի արագընթաց ճանապարհ, որը հետագայում նաև Հյուսիս-Հարավի կառուցելուց հետո կվերադառնա իր նախկին նշանակությանը: Հիմա մենք հանգամանքների բերումով Սյունիքում շատ խիտ ճանապարհային ցանց ենք ստեղծում, ինչը շատ կարևոր ներդրում է նաև մարզի զարգացման առումով»,-ասաց նա:

Փաշինյանը նաև խոստովանեց, որ Հյուսիս-Հարավի Շիրակի մարզ տանող ճանապարհի շուրջ ևս խնդիր կա. «Բոլորդ եք տեսնում, որ ճանապարհն այնքան էլ հարմար չի, բայց ինչպես պայմանավորվել ենք, պետք է ամեն ինչ անենք, որ Հյուսիս-Հարավի մի ուղղությունը օր առաջ շահագործման հանձնենք, որպեսզի դեպի Շիրակ գնալու ժամանակահատվածը էականորեն կրճատվի: Սա շատ էական հարց է»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ Տաթև-Աղվանի ճանապարհի շտապ կառուցումը պայմանավորված էր նրանով, որ Գորիս-Կապան ճանապարհին կանգնած են ադրբեջանցիները: