Դժոխք էր. «Ազովստալի» բունկերից երեխաների հետ տարհանված կինը պատմել է իր փորձությունների մասին
Մարիուպոլի «Ազովստալ» գործարանից տարհանված քաղաքացիական անձինք պատմել են, որ գործարանի բազմաթիվ բունկերներից մեկում, որտեղ նրանք ապրում էին, դեռ մարդիկ կան։ Ուկրաինացի զինծառայողները նրանցից թաքցրել են հումանիտար միջանցքների առկայությունը։ Գրում է tvzvezda.ru-ն:
Քաղաքի բնակիչ Աննա Անտրոպովան նշել է, որ իրենք որոշել էին թաքնվել ձեռնարկության բունկերում, քանի որ աշխատում էին գործարանում և գիտեին դրանց գոյության մասին. մարդիկ ցանկանում էին փրկել իրենց և իրենց երեխաների կյանքերը։
«Ամենավատը, իհարկե, հետևում է մնացել, և ես չեմ ուզում հիշել այդ ամենը: Դա դժոխք էր: Մենք փրկեցինք մեր և մեր երեխաների կյանքը։ Այն ժամանակ տարհանում չկար, երբ մենք հասանք։ Կապ չի եղել, ոչ մի տեղեկություն չենք իմացել։ Մենք աշխատել ենք գործարանում և գիտեինք, որ այնտեղ բունկերներ կան»,- ասել է նա:
Աննայի դուստրը՝ Դաշան, ցույց է տալիս բունկերում իր արած նկարը։ Դրա վրա ատրճանակ կա։ Թե ինչու է որոշել նկարել դա, չի պատասխանում, բայց մայրիկին խոստանում է՝ այսուհետ նկարել միայն տիկնիկներ, ինչպես նախկինում։
Ընդհանուր առմամբ, օրվա ընթացքում Մարիուպոլի գործարանի զնդաններից հաջողվել է դուրս գալ 50 մարդու, այդ թվում՝ 11 երեխայի։