Երեխաներն իրավունք ունեն մասնակցելու քաղաքական հանրահավաքներին. ՀՀ ՄԻՊ

Երեխաներն իրավունք ունեն մասնակցելու հանրահավաքներին, այդ թվում՝ քաղաքական ձևաչափի։ Այս մասին մայիսի 4-ին Ազգային ժողովի նիստին ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի 2021 թվականի գործունեության մասին տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ, պատասխանելով իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորների հարցերին, հայտարարեց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանը:

Այդ իրավունքը, ըստ ՄԻՊ-ի, ուղղակիորեն երաշխավորում է, որ երեխայի կարծիքը հաշվի կառնվի, և նրա ներգրավումը պետք է իրականացվի լավագույն մոտեցումների և իրավունքների հարգման շրջանակներում։ «Սակայն, ամեն դեպքում, երեխայի ոչ մի իրավունք չպետք է գերագնահատել կամ թերագնահատել։ Ամենակարևոր սկզբունքը երեխայի լավագույն շահերի պահպանումն է»,- ասաց Գրիգորյանը։

Ընդ որում, նա անընդունելի համարեց երեխաների հայտնվելը քաղաքական հանրահավաքների կադրերում։ Դա, ըստ երկրի գլխավոր իրավապաշտպանի, ծայրահեղ բացասական հետևանքների է հանգեցնում։ «Թիրախ են դառնում նաև երեխաները»,- նշեց Գրիգորյանը՝ մատնանշելով սոցցանցերում տիրող ագրեսիան։

Հիշեցնենք, որ 2018 թվականի «թավշյա հեղափոխության» ժամանակ ՀՀ ներկայիս վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմնակիցները քաղաքական գործընթացներում և գործողություններում ակտիվորեն երեխաների և դեռահասների էին ներգրավել: