Փաշինյանը չի կարող երկու անգամ նույն գետը մտնել. Էդուարդ Շարմազանով

«Իշխանություններն ամեն ինչ լավ էլ նկատում են, պարզապես փորձում են իրենք իրենց համոզել, որ ամեն ինչ նորմալ է, իրավիճակն իրենց վերահսկողության տակ է»,- երթի ժամանակ լրագրողներին ասաց ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը։

Նրա խոսքով, իշխանությունները զգում են մոտալուտ վտանգը, հանրային վստահություն, լեգիտիմություն չունեն. «Ինչքան էլ ուզում են մեծ-մեծ խոսեն, սա ժողովրդական, ազգային շարժում է։ Փաշինյանը չի կարող երկու անգամ նույն գետը մտնել։ Նա մի անգամ ժողովրդին խաբել է, երկրորդ անգամ խաբել չի ստացվի։ Նա պետք է հեռանա»։

Էդուարդ Շարմազանովը նշեց, որ սա կուսակցական շարժում չէ, թեև կան կուսակցություններ, քաղաքական գործիչներ, բայց սա Հայաստանի լինել-չլինելու խնդիր է։

«Մենք պետք է դուրս վռնդենք կապիտուլյանտների շայկային, որոնք մեր 30-ամյա հաղթանակները սարքեցին պարտություն, որոնք պատերամզ բերեցին, Նիկոլն ինքը պատերազմի խորհրդանիշ է, ինքը բերել է պատերազմ։ 5000 երեխու մահվան, զոհաբերության գլխավոր մեղավորն ու պատճառն է, ինքն է դա խոստովանել։ Ինքը Շուշին ու Հադրութը տվել է, Հայաստանը տալիս է, մնում է որ ի՞նչ անի։ Դա չեմ հասկանում։ Չի ուզում կամավոր գնալ, ուրեմն ժողովուրդը պետք է խաղաղ անհնազանդության ակցիաներով ցույց տա այդ մարդուն ու իր խունտային, որ իրենք անելիք չունեն, պետք է գնան»,- ասաց քաղաքական գործիչը։