Եթե գիշերն իմ դուռը թակողները և ԱԱԾ-ական ներկայացողները ԱԱԾ-ի հետ առնչություն չունեն, ապա ԱԱԾ-ն թող հրապարակայնորեն դա հերքի․ Անժելա Թովմասյան

Երեկ կեսգիշերին ԱԱԾ աշխատակիցների անվան տակ ինչ-որ անձինք փորձել են մուտք գործել «Հայելի» ակումբի գլխավոր խմբագիր Անժելա Թովմասյանի բնակարան։

«Կեսգիշերին երևի երկու տղամարդ թակեցին իմ բնակարանի դուռը, ներկայացան ԱԱԾ աշխատակիցներ՝ հորդորելով  բացել բնակարանի դուռը, սակայն մերժվելուց հետո հեռացան»,-Tert.am-ի հետ զրույցում ասաց Անժելա Թովմասյանը։

Անժելա Թովմասյանը կապ է հաստատել մի շարք փաստաբանների, իրավապաշտպանների հետ, սակայն դեռ պարզ չէ, թե ովքեր են ԱԱԾ–ի անվան տակ ներկայացող անձինք։

«Հրապարակավ դիմում եմ՝ եթե ԱԱԾ–ն սրա հետ առնչություն չունի, թող հերքի, և իրավապահները պարզեն, թե ովքեր են, որ փորձում են մարդկանց վախեցնել։ Նման դեպքեր լինում են, որովհետև իմ լրատվամիջոցի խմբագրության վրա հարձակում գործած անձինք ոչ թե պատժվեցին իրենց արարքի համար, այլ գոռալով, որի սպանելու են Բակո Սահակյանին, խուլիգանական արարքներ կատարելով պաշտոններ ստացան այս իշխանության կողմից»,–ասաց Անժելա Թովմասյանը։

Հիշեցնենք, որ 2019-ի հոկտեմբերին էլ մի խումբ անձինք հարձակում էին գործեցին «Հայելի» ակումբի վրա, վնասվել խմբագրության գույքը,  հետագայում պարզվեց, որ լրատվամիջոցի դեմ արշավածները իշխանության հովանու ներքո գործող «Հեղափոխության պահապաններ» կոչվող խմբից էին։