Սա կարևոր ազդակ է՝ ուղղված ներհայաստանյան, արտահայաստանյան և թշնակաման լսարանին (տեսանյութ)

Ժաննա Ծառուկյանի «Մտորենք միասին» հեղինակային հաղորդաշարի հյուրն է իրանագետ Վարդան Ոսկանյանը։

Հայաստանում մեկնարկած այս ակտիվ պայքարը չէր մտնում Ադրբեջանի ծրագրերի մեջ և ադրբեջանական քարոզչամեքենան բազմիցս անդրադարձել է դրանց՝ ներկայացնելով որպես իրենց միտված գործողություններ, և միաժամանակ ակցիաներ է իրականացնում՝ «Զանգեզուրը Ադրբեջան է» խորագրով։ Պատահական չէ, որ Շուշիում ելույթ ունենալով՝ Իլհամ Ալիևը ընդգծեց․ «Եթե Հայաստանում կան որոշակի ուժեր, որոնք դեռ մտածում են ռևանշիզմի մասին և դրա հիման վրա խոչընդոտում են խաղաղության պայմանագրի ստորագրումն ու Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումը, ապա մենք ստիպված կլինենք նման քայլերի դիմել և չճանաչել Հայաստանի տարածքային ամբողջականությունը»։ Վարդան Ոսկանյանը, խոսելով Երևանում և արդեն իսկ ողջ Հայաստանում ընթացող գործընթացներից՝ ադրբեջանական կողմի անհանգստության մասին, ընդգծեց․ «Այս հանգամանքն ամենևին դուր չի գալիս ադրբեջանական կողմին և հատկապես Բաքվի բռնապետի քարոզչամեքենային, նրանք փորձում են նաև քարոզչության միջոցով կասեցնել այս գործընթացը, որովհետև ակնհայտ է, որ Հայաստանում ազգային իշխանության ձևավորման պարագայում Ադրբեջանը լրջագույն խնդիրներ է ունենալու»։

Իրանագետի հետ անդրադարձ է կատարվել նաև Շուշիում կազմակերպված World Azrbaijanis’ Conference-ին, որի պաշտոնական պոստերում Սյունիքի հատվածը միացված է Ադրբեջանի քարտեզին, ինչի արդյունքում ՀՀ-ն այլևս ցամաքային սահման չունի ԻԻՀ հետ, ԻԻՀ ցամաքային զորքերի հրամանատար, բրիգադի գեներալ Ամիր Քիոմարս Հեյդարի հայտարարությանը, ինչպես նաև Ադրբեջանի կողմից հնչած արձագանքներին։

Անդրադառնալով Իրան-Չինաստան համատեղ մարտահրավերներ հաղթահարելու և ռիսկերին հակազդելու մասին ՉԺՀ պաշտպանության նախարար Վեյ Ֆենհենի (Թեհրան կատարած այցի ժամանակ) հայտարարությանը՝ բանախոսն ընդգծեց, որ ճիշտ քաղաքականության արդյունքում հնարավոր է կարևոր կենտրոն դառնալ և սեփական երկրի շահի հետ փորձել համադրել մի շարք երկրների շահեր, որոնք այսօր կարևոր դերակատարություն ունեն աշխարհաքաղաքական գործընթացներում, սակայն այս իշխանությունը ոչինչ չի ձեռնարկում այդ ուղղությամբ։

Ամփոփելով՝ Վարդան Ոսկանյանը հավելեց, որ ընդհանուր առմամբ պետք է եզրաբանությամբ հանդես գանք, որ ըստ էության այս բողոքի գործողություններն ընդդիմության գործողություններ չեն, այլ համազգային շարժման դրսևորումներ են․ «Հիմա պայքարը Հայաստանի լինելիության և չլինելիության համար է»։ Չափազանց կարևոր է նաև այն, որ այդ նույն միջազգային հանրությունը, ըստ հայտնի հայտարարության՝ «Նշաձող իջեցնելու պահանջի մասին», հասկանում է, որ Հայաստանում ամեն ինչ միանշանակ չէ, «սա կարևոր ազդակ է՝ ուղղված ներհայաստանյան լսարանին, արտահայաստանյան լսարանին և թշնամական լսարանին՝ Թուրքիա, Ադրբեջան, ուստի առնվազն նվազագույն մակարդակում այս խնդիրն արդեն իսկ լուծված է, բնականաբար տեսլականը ՀՀ-ի հզորացող, ծրագիր ունեցող իշխանություն ունենալն է, և այդ իշխանությունը պետք է ձևավորվի ոչ թե ընդդիմադիր խմբերի հիման վրա, այլ համազգային շարժման արդյունքում արժանավորների իշխանությամբ։ Արժանավորների իշխանությունն է, որ կարող է Հայաստանը դուրս բերել այս ճգնաժամային իրավիճակից»։

Մանրամասները՝ տեսանյութում