ԱՄՆ ՀԴԲ տնօրենը հայտարարել է, որ կիբերանվտանգության հիմնական սպառնալիքները Չինաստանից են

Չինաստանի կիբերանվտանգության սպառնալիքների ներկայիս մասշտաբները «աննախադեպ են», ասել է ԱՄՆ հետաքննությունների դաշնային բյուրոյի տնօրեն Քրիստոֆեր Ռեյը։

«Հակահետախուզության տվյալներով՝ մեր երկիրն ամենամեծ սպառնալիքն ստանում է  Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունից և հատկապես Չինաստանի Կոմունիստական ​​կուսակցությունից», – ասել է Ռեյը CBS News-ին տված հարցազրույցում։ Գրում է «Ինտերֆաքս»-ը:

«Նրանք պատմության մեջ աննախադեպ մասշտաբով թիրախավորում են մեր նորարարությունը, մեր առևտրային գաղտնիքները, մեր մտավոր սեփականությունը»,- նշել է նա:

Նրա խոսքով, Չինաստանի հաքերային ծրագիրն ավելի մեծ է, քան մյուս խոշոր երկրների ծրագրերը միասին վերցրած:

«Նրանք գողացել են ավելի շատ ամերիկացիների անձնական և կորպորատիվ տվյալներ, քան բոլոր երկրները միասին վերցրած»,- ասել է Ռեյը։

Միաժամանակ նա ընդգծել է, որ Պեկինի կիբերսպառնալիքներն ուղղված են ԱՄՆ տնտեսության բոլոր ոլորտներին՝ գյուղատնտեսությունից մինչև ավիացիա, բարձր տեխնոլոգիաներից մինչև առողջապահություն։