Ուկրաինայում բախումները նոր թափով են մոլեգնելու, բանակցությունները կարելի է համարել թաղված, «Ազովստալի» գրոհն այս պահին, հավանաբար, շարունակվում է

Ուկրաինայում սկսվում է ռուսական ռազմական հատուկ գործողության հաջորդ փուլը. «РИА Новости»-ի տեղեկացմամբ, այս մասին «India Today»-ին տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։

«Ուկրաինայի արևելքում գործողությունն ուղղված է, ինչպես արդեն հայտարարվել է, Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների ամբողջական ազատագրմանը,- ասել է Լավրովը:- Այս գործողությունը շարունակվելու է, հաջորդ փուլն այս հատուկ գործողության այժմ սկսվում է։ Եվ, ինձ թվում է, հիմա այս հատուկ գործողության ընթացքում կարևոր պահ է լինելու»:

ՌԴ արտգործնախարարն ընդգծել է, որ ճգնաժամը կարող էր վաղուց լուծվել, եթե Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին գնար համագործակցության ու ձգտեր կատարել Մինսկի պայմանավորվածությունները։

Առկա տեղեկությունները թույլ են տալիս եզրակացնել, որ Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ ռազմական գործողության հաջորդ փուլը նվազագույնը Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների ամբողջական ազատագրումն է, սակայն այսօրվանից սկսված այդ հաջորդ փուլը կարող է դուրս գալ Դոնբասի սահմաններից, մասնավորապես, ռուսական զորքերը կարող են վերստին զարգացնել իրենց ռազմական գործողությունները Կիևի և Չեռնիգովի, հնարավոր է, նույնիսկ այլ ուղղություններով:

Նկատի ունենանք, որ Լավրովը վերոնշյալ հարցազրույցում շարունակելով իր խոսքը, ասել է, որ Մոսկվան Ստամբուլի հանդիպումից անմիջապես հետո, որպես բարի կամքի ժեստ, փոխել է Ուկրաինայում ռազմական ներկայության կոնֆիգուրացիան Չեռնիգովի և Կիևի շրջաններում, սակայն դա, ինչպես գիտեք, չի չգնահատվել, փոխարենն անմիջապես Բուչայում տեղի է ունեցել բեմադրություն (խոսքն ուկրաինական կողմից Բուչայում կազմակերպված բեմադրության մասին է, ըստ որի, ռուսական զինծառայողներն այդ քաղաքում իբր սպանել են նաև խաղաղ բնակչությանը)։

Թերևս պատահական չէ և այն, որ Ուկրաինան այսօր իր բոլոր քաղաքներում օդային տագնապ է հայտարարել, ինչը հուշում է, որ Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ ռազմական գործողությունը չի սահմանափակվի սոսկ Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների ամբողջական ազատագրմամբ, քանի որ այդ դեպքում նշված գործողությունը չի հասնի իր հայտարարված 5 կարևոր նպատակներից առնվազն երկուսին` Ուկրաինայի ապառազմականացմանը և այդ երկիրն ազգայնամոլ նեոնացիստներից, բանդերականներից ազատագրելուն:

Հատուկ ռազմական գործողության այսօրվանից սկսված հաջորդ փուլի շրջանակում Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների ամբողջական ազատագրմանը նպատակաուղղված թերևս առաջին քայլը Մարիուպոլում «Ազովստալ» գործարանի վրա գիշերը կամ առավոտյան հատուկ խմբերի գրոհն է եղել: «РИА Новости»-ի տեղեկացմամբ , ԴԺՀ-ի ժողովրդական միլիցիայի ներկայացուցիչ Էդուարդ Բասուրինը «Россия 24» հեռուստաալիքի եթերում ասել է, որ, իր տեղեկություններով, հարձակումը «Ազովստալի» վրա սկսվել է։

«Որքան ինձ հայտնի է, գրոհային խմբերի մի մասը, որոնք ընտրվել են հատուկ այս օբյեկտի վրա հարձակման համար, արդեն սկսել են իրենց աշխատանքը»,- ասել է նա:

Դատելով ամենից, գրոհն ինչ-որ մի պահից դադարեցվել է, քանի որ Ռուսաստանի զինված ուժերը, «РИА Новости»-ի տեղեկացմամբ , «Ազովստալում» հաստատված ուկրաինական ստորաբաժանումներին, ազգայնամոլական գումարտակների գրոհայիններին և օտարերկրյա վարձկաններին մինչև կեսօր ժամանակ են տվել զենքերը վայր դնելու և հանձնվելու համար` այսպիսով նրանց ևս մեկ անգամ հնարավորություն տալով փրկել իրենց կյանքը:

Ռուսաստանի Դաշնությունը նրանցից յուրաքանչյուրին երաշխավորել է կյանքի պահպանումը, նաև` Ռազմագերիների հետ վարվելու Ժնևի կոնվենցիայի բոլոր նորմերի պահպանումը, ինչպես դա արդեն տեղի է ունեցել Ուկրաինայի Զինված ուժերի զինծառայողների համար, որոնք հանձնվել էին նախկինում:

Նշենք, որ անցած շաբաթավերջին ՌԴ ՊՆ-ն արդեն առաջարկել էր գործարանում արգելափակված զինյալներին ինքնակամ վայր դնել զենքերը, սակայն նրանք մերժել էին։ Այսօրվա առաջարկը թերևս նույնպես կարելի է մերժված համարել, քանի որ, ինչպես հայտնել են Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությունում, «Ազովստալից» հանձնվելու համար նախատեսված նոր մարդասիրական միջանցքից ոչ ոք չի օգտվել:

Միաժամանակ Չեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովը, որը երեկ հայտարարել էր  Ուկրաինայում «конкретной» հատուկ գործողության մեկնարկի մասին և ուկրաինացի զինվորականներին առաջարկել էր հանձնվել դաշնային զորքերին, «РИА Новости»-ի տեղեկացմամբ, ապրիլի 19-ին հայտարարել է, որ «Ազովստալն» արդեն այսօր կազատագրվի, հսկողության տակ կվերցվի:

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, իր հերթին, խոստացել է «Ազովստալի» վրա գրոհի և այնտեղ արգելափակված գրոհայինների ոչնչացման դեպքում վերջակետ դնել Ռուսաստանի հետ բանակցություններին:

РБК-ի տեղեկացմամբ, Զելենսկին ապրիլի 19-ի գիշերը հայտարարել է «Դոնբասի համար ճակատամարտի» մեկնարկի մասին։ Նա խոստացել է, որ ուկրաինական զորքերը կկռվեն ու կպաշտպանվեն։

«Ուկրաինական ոչինչ չենք տա, իսկ օտարինը մեզ պետք չէ»,- ասել է նա:

Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը մի քանի օր առաջ ասել էր, որ «Դոնեցկի և Լուգանսկի մարզերի համար պայքարը դժվար է լինելու», և այդ տարածաշրջանների բնակիչներին կոչ էր արել տարհանվել։

Զելենսկու վերոնշյալ հայտարարությունից հետո Ուկրաինայի Լուգանսկի մարզի վարչակազմի ղեկավար Սերգեյ Գայդայը կոչ է արել շրջանի բնակիչներին շտապ տարհանվել Ուկրաինայի անվտանգ շրջաններ։ «Մտածելու ժամանակ չի մնացել. որոշումները պետք է արագ ընդունվեն. հեռացե՛ք»,- գրել է նա Telegram ալիքում։

 

Արթուր Հովհաննիսյան