ԱՄՆ-ում բացահայտել են ռեկորդային գնաճի իրական մեղավորին. «Ուոլ սթրիթ ջուրնալ»

Դեմոկրատ Ջո Բայդենի գլխավորած ԱՄՆ կառավարության վարած քաղաքականությունն է հանգեցրել ԱՄՆ-ում ռեկորդային գնաճի արագացմանը, և ոչ թե Ուկրաինայում իրավիճակի սրումը։ Այսպիսի եզրակացության է հանգել Ուոլ սթրիթ ջուրնալ»-ը։

Ըստ հրատարակչության՝ գնաճի իրական պատճառը Վաշինգտոնի դրամավարկային քաղաքականությունն է։ Խոսքը, մասնավորապես, հակակորոնավիրուսային միջոցառումների վրա հսկայական ծախսերի, ինչպես նաև ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի գործողությունների մասին է, որը շարունակեց պահպանել բացասական հիմնական դրույքաչափերը նույնիսկ կորոնավիրուսային ռեցեսիայի ավարտից երկար ժամանակ անց։

«Ուոլ սթրիթ ջուրնալ»-ը նշում է, որ գնաճի որոշակի մասն իրոք կարող է վերագրվել էներգակիրների գների աճին, որն առաջացել է Ուկրաինայում ստեղծված իրավիճակից։ Այնուամենայնիվ, բարձրացել է նաև այն ապրանքների արժեքը, որոնց մատակարարումը կապված չէր էներգետիկայի և մատակարարման շղթայի խաթարումների հետ: Բացի այդ, ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ գնաճի միտումը սկսվել է մոտ մեկ տարի առաջ, այսինքն՝ Ուկրաինայում ռուսական հատուկ գործողության մեկնարկից շատ առաջ։

Մարտի վերջին, ըստ ԱՄՆ աշխատանքի նախարարության տվյալների, սպառողական ապրանքների գները տարեկան կտրվածքով աճել են 8,5 տոկոսով։ Փետրվարին այս ցուցանիշը կազմել է 7,9 տոկոս։ Աճը ամենաբարձրն էր 1981 թվականի դեկտեմբերից ի վեր։ Ըստ Բայդենի՝ ԱՄՆ-ում թանկացումներն իբր Ռուսաստանի մեղքով են եղել։