Մակրոնն ու Լը Պենն անցնում են նախագահական ընտրությունների երկրորդ փուլ

Ֆրանսիայում քվեաթերթիկների 97 տոկոսի հաշվարկից հետո գործող նախագահ Էմանուել Մակրոնն առաջ է անցել մյուս թեկնածուներից՝ առաջին փուլում ստանալով ձայների 27,60 տոկոսը։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղումանելով Ֆրանսիայի ՆԳ նախարարության հրապարակած տվյալներին։

Երկրորդ տեղում է Մարին Լը Պենը՝ հավաքելով ձայների 23,41 տոկոսը, իսկ երրորդում՝ Ժան-Լյուկ Մելանշոնը, որը ստացել է ձայների 21,95 տոկոսը։ Ձայների քանակով չորրորդ հորիզոնականում է ծայրահեղ աջակողմյան թեկնածու Էրիկ Զեմուրը  (7,05 տոկոս), հինգերորդում՝ Վալերի Պեկրեսը (4,79 տոկոս)։

Հիշեցնենք, որ Ֆրանսիայում նախագահական ընտրությունների առաջին փուլն անցկացվել է կիրակի՝ ապրիլի 10-ին, իսկ երկրորդ փուլը կկայանա ապրիլի 24-ին։ Նախագահի պաշտոնի համար պայքարում է 12 թեկնածու։ Նախնական տվյալներով՝ ընտրություններին քաղաքացիների մասնակցությունը կազմել է շուրջ 75 տոկոս։

Առաջին փուլի նախնական տվյալների հրապարակումից հետո անցկացված հարցումները ցույց են տվել, որ գործող նախագահ Էմանուել Մակրոնի հաղթանակի հավանականությունը բավական մեծ է։