«Արմենիա» բժշկական կենտրոնի տնօրենը հարվածել է ոստիկանության բաժնի պետի տեղակալին. Արտառոց դեպք Երևանում

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, ոստիկանության Մաշտոցի բաժնի հետաքննական բաժանմունքում՝ «բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ» փաստով նյութեր են նախապատրաստվում:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ապրիլի 6-ին ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները՝ բաժնի պետի տեղակալ Հովհաննես Ասատրյանի գլխավորությամբ, ժամը 11:30-ի սահմաններում՝ Մարգարյան փողոցի 6/1 հասցեում, ծառայություն իրականացնելիս են եղել, որի ժամանակ միջադեպ է տեղի ունեցել:

Գ. Շամշյանի տեղեկություններով, դրանից հետո, Հ Ասատրյանը զեկուցագիր է ներկայացրել ոստիկանության Մաշտոցի բաժնի պետ Անդրանիկ Շահբազյանին և հայտնել, որ նշված վայրում ծառայություն իրականացնելու ժամանակ, մի քաղաքացի խոչընդոտներ է ստեղծել, չի ենթարկվել ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին և ձեռքով հարվածել է իր դեմքին՝ պատճառելով մարմնական վնասվածք:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով, պարզվել է, որ այդ քաղաքացին Երևանի բնակիչ, 72-ամյա Գրիգոր Գրիգորյանն է, ով «Արմենիա» բժշկական կենտրոնի տնօրենն է:   Փաստի առթիվ Հ. Ասատրյանին տրվել է դատաբժշկի ուղեգիր:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: