Մեզ համար միջադեպի հանգամանքները մինչև վերջ հստակ չեն․ Լավրովը՝ Փառուխի մասին

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի համատեղ մամուլի ասուլիսում  լրագրողը ՌԴ արտգործնախարարին հարց ուղղեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ասկերանի շրջանի Փառուխ գյուղում ու Քարագլուխ բարձունքում իրավիճակի մասին։
«Չնայած ՌԴ ՊՆ-ի, միջազգային այլ կոչերին, ադրբեջանցիները մինչ այս պահը չեն վերադարձել ելման դիրքեր։ Ի՞նչ քայլեր է ձեռնարկում ռուսական կողմն ադրբեջանական ստորաբաժանումներին ելման կետեր վերադարձնելու համար, հետագայում նման դեպքերը կանխելու համար՝ հատկապես հաշվի առնելով այն փաստը, որ ավելի քան 400 մարդ չի կարող վերադառնալ իրենց տներ»,-հարցրել են Լավրովին։

«Մարտի 24-ին տեղի ունեցած միջադեպի հենց սկզբից մենք հայտարարեցինք, որ մեր զինվորականները, մեր խաղաղապահ զորախումբը պարզում են բոլոր հանգամանքները։ Դրա մասին այսօր խոսեցինք։ Այնտեղ մեզ համար այս հանգամանքները լիովին պարզ չեն։ Ես չէի ցանկանա հիմա առաջ ընկնել և վերջնական դատողություններ անել։ Մենք համոզված ենք, որ մեր հայ ընկերները լիովին վստահում են ռուս խաղաղապահ զորամիավորմանը»,- ասել է Լավրովը։

ՌԴ ԱԳ ղեկավարը հույս է հայտնել, որ «խաղաղապահներին պատասխանատվության կանչելու, ծառայողական հետաքննություն անցկացնելու» մասին  երբեմն-երբեմն հնչող կոչերը չեն արտացոլում հայ ժողովրդի և Հայաստանի ղեկավարության վերաբերմունքը այն հսկայական դերի նկատմամբ, որը զորախումբը խաղում է տարածաշրջանում կայունության պահպանման գործում։

«Այո, փոքր միջադեպեր լինում են։ Եվս մեկ անգամ շեշտեմ, որ կոնկրետ դեպքն ուսումնասիրում ենք մեր զինվորականների միջոցով։ Կան բաներ, որոնք պարզաբանման կարիք ունեն»,- հավելել է Լավրովը։