Կա՛մ Արևմուտքի պլանները կտապալվեն, կա՛մ կհասնի իր նպատակին, կա՛մ ներկայիս հակամարտությունը կավարտվի Երրորդ համաշխարհայինով

Ռուս- ուկրաինական բանակցությունները հաջողությամբ չեն ավարտվելու, Ուկրաինան չի համաձայնվելու ՌԴ պահանջներին ու պայմաններին, Ռուսաստանն էլ` Ուկրաինայի, հետևաբար խաղաղություն չի հաստատվելու, Ռուսաստանի հատուկ ռազմական գործողությունն Ուկրաինայում, և Ուկրաինայի, ինչպես նաև Ուկրաինայի միջոցով ԱՄՆ-ի, Արևմուտքի պատերազմն Ռուսաստանի դեմ շարունակվելու է:

Անկախ իրենց զբաղեցրած պաշտոնից, կոչումից կամ գիտական աստիճանից, սխալվում են բոլոր նրանք, ովքեր հակառակ կարծիքին են ու կողմ են, որ Ուկրաինայի հետ մուկ ու կատու խաղալը շարունակվի` ռուսական զինծառայողների կյանքի հաշվին Ուկրաինային տալով ժամանակ, որն աշխատում է նրա օգտին: Վերջապես պետք է հասկանալ, որ այն, ինչ հիմա կատարվում է, սոսկ հակամարտություն չէ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև, ու խնդիրը շատ ավելի խոշոր է, քան նույնիսկ Ղրիմի ու Դոնբասի հարցը:

ԱՄՆ-ի ու նրա գլխավորած հավաքական Արևմուտքի նպատակը Ռուսաստանին պատժելու անվան տակ նրա քայքայումը, կործանումն ու մասնատումն է, առնվազն Պուտինի ու նրա վարչախմբի տապալումը, Ելցինի կամ Ելցինից ավելի վատ մեկի ձևական ղեկավարությամբ Ռուսաստանն իրեն հլու հնազանդ, խամաճիկ պետության վերածելը: Այնպես որ, այն, ինչի ականատես ենք հիմա, հիմնականում ԱՄՆ-ի, որոշ չափով նաև Մեծ Բրիտանիայի նախաձեռնությամբ սկսված կենաց- մահու պայքար է Արևմուտքի և Ռուսաստանի միջև, որին, իրենց կամքից անկախ, մասնակից են դարձվել նաև ԱՄՆ-ից վախեցող ու վաղուց նրա կամակատարը հանդիսացող Գերմանիան, Ֆրանսիան, Եվրոպայի, ինչպես նաև աշխարհի մի շարք այլ պետություններ:

Ինչո՞վ կավարտվի Արևմուտքի ու Ռուսաստանի միջև ընթացող այդ պայքարը կամ պատերազմը… Կա՛մ Արևմուտքի պլանները կտապալվեն, միգուցե նաև կսկսվի նրա պառակտման, թուլացման, քայքայման գործընթացը, կա՛մ Արևմուտքը կհասնի իր նպատակին, ինչը կարող եք համարել նաև Հայաստանի և հայերիս կործանումը, կա՛մ էլ ներկայիս հակամարտությունը կավարտվի Երրորդ համաշխարհային և, ամենայն հավանականությամբ, ռազմավարական նշանակության միջուկային զենքի գլոբալ կիրառմամբ մարդկության վերջին պատերազմով:

Անդրադառնանք ռուս- ուկրաինական բանակցություններին: Այն, որ Ուկրաինայի ղեկավարությունն իր ետևում կանգնած ԱՄՆ-ի, Արևմուտքի, իհարկե, ոչ բացահայտ ուղղորդմամբ բանակցությունների ընթացքում աստիճանաբար ցույց է տալու իր կոտոշները, պարզ էր ի սկզբանե: Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն այսօր արդեն, РБК-ի տեղեկացմամբ, հայտարարել է, որ Ուկրաինան ներկայացրել է Ռուսաստանի հետ համաձայնագրի նոր նախագիծ, որում ակնհայտ է «հետ կանգնելն ամենակարևոր առաջարկներից», որոնք ուկրաինական և ռուսական կողմերն արձանագրել են Ստամբուլում մարտի 29-ին կայացած հանդիպման ժամանակ:

«Հիշեցնեմ, որ Ստամբուլի այդ փաստաթղթում ուկրաինացիները հստակ ձևակերպել էին, որ Ուկրաինայի անվտանգության ապագա երաշխիքները չեն տարածվում Ղրիմի և Սևաստոպոլի վրա,- ասել է Լավրովը:- Երեկվա նախագծում այս հստակ հավաստումը բացակայում է, դրա փոխարեն առաջարկվում են լղոզված ձևակերպումներ ինչ-որ «արդյունավետ վերահսկողության» մասին, ընդ որում, փետրվարի 23-ի դրությամբ»:

Բացի այդ, Ուկրաինան առաջարկում է նախագահների հանդիպմանը քննարկել Ղրիմի և Դոնբասի հարցերը: Տեղեկացնելով այս մասին, Լավրովն ընդգծել է, որ դա անընդունելի է:

Ավելին. Լավրովը հիշեցրել է, որ փաստաթղթի նախորդ տարբերակում օտարերկրյա զորախմբի մասնակցությամբ ցանկացած զորավարժություն անցկացվում է երաշխավոր բոլոր երկրների, այդ թվում՝ Ռուսաստանի համաձայնությամբ։

«Սակայն երեկ ստացված պայմանագրի նախագծում այս միանշանակ դրույթը նույնպես փոխարինվել է,- տեղեկացրել է ՌԴ արտգործնախարարը։- Այժմ խոսքը գնում է երաշխավոր պետությունների մեծամասնության համաձայնությամբ զորավարժություններ անցկացնելու հնարավորության մասին, առանց Ռուսաստանի մասին որևէ հիշատակման»:

Լավրովի կարծիքով, այս ամենը ցույց է տալիս պայմանավորվածություններին Կիևի անկարողությունը, «ձեռք բերված փոխըմբռնումներից հետ կանգնելու միջոցով բանակցությունները ձգձգելու և նույնիսկ վիժեցնելու ուղեգիծը»:

Կրեմլը նախկինում բազմիցս հայտարարել է, որ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկու հանդիպումը հնարավոր է միայն համաձայնագրի գրավոր տարբերակը կողմերի միջև նախապես համաձայնեցնելուց հետո։

 

Շարունակելի

Արթուր Հովհաննիսյան