Անհասկանալի է, թե այդ միացյալ համակարգի ստեղծումն ի՞նչ նոր բան է տալիս Հայաստանի ԶՈՒ-ին. Տիգրան Աբրահամյանը՝ ՊՆ փոխնախարարին

«Եթե Ադրբեջանի գործոնը մի կողմ դնենք, անհասկանալի է, թե այդ միացյալ համակարգի ստեղծումն ի՞նչ նոր բան է տալիս Հայաստանի զինված ուժերին և անվտանգության համակարգին»,- ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում «Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների զինված ուժերի կապի համատեղ (միավորված) համակարգի մասին» համաձայնագիրը քննարկելիս ՊՆ փոխնախարար Արման Սարգսյանին հարցրեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

Համաձայնագրով նախատեսվում է ԱՊՀ մասնակից պետությունների զինված ուժերի միջև համագործակցության զարգացման նպատակներով ստեղծել պետությունների զինված ուժերի կապի միացյալ համակարգ:

Տիգրան Աբրահամյանը նկատեց, որ փոխնախարարի խոսքով, համաձայնագիրը հիմնականում նախատեսում է կապի ոլորտում ՀՀ-ՌԴ համագործակցությունը, սակայն այդ ոլորտում արդեն կան երկկողմ ու ՀԱՊԿ-ի ձևաչափով համաձայնագրեր:

Արման Սարգսյանը հայտնեց, որ արդեն իսկ որոշակի աշխատանքներ տարվել են ՀՀ ԶՈՒ կապի ծառայությունը ժամանակակից տեխնիկայով համալրելու և այն անխոցելի դարձնելու ուղղությամբ:

«ԱՊՀ անդամների միջև ստորագրվող համաձայնագիրը նախատեսում է մի դրույթ, ըստ որի ՌԴ-ում ստեղծվելու է կապի կառավարման կենտրոն՝ բաժնի կարգավիճակով, և յուրաքանչյուր պետություն ուղիղ աշխատելու է միայն ՌԴ-ի հետ»,- հայտնեց փոխնախարարը և վստահեցրեց, որ տարածաշրջանում ոչ մի այլ պետություն հասանելիություն չի ունենալու Հայաստանի կապին, բացի ՌԴ-ից, իսկ Ադրբեջանը չի միացել համաձայնագրին:

Նա նաև ասաց, որ ՀՀ-ը վերապահումով է միանում համաձայնագրին, այն նաև հնարավորություն է տալիս նախապես իրազեկելով՝ 6-ամսյա ժամկետում դուրս գալ համաձայնագրից, որը սակայն կնախատեսի նախկին տրամադրված ֆինանսական միջոցների հետ վերադարձի պարտավորություններ:

Արման Սարգսյանի խոսքով՝ այն վերաբերելու է պաշտպանության բնագավառում պաշտպանված ձայնա և տեսակապին, դրանց արդիականացմանը և համաձայնեցված աշխատանքին, ՌԴ ԶՈՒ կապի հնարավորությունների օգտագործմանը։

Նրա վստահեցմամբ՝ համագործակցությունը մեր կապի համակարգը կդարձնի ավելի պաշտպանված և ժամանակակից։

Քննարկվող համաձայնագրի հիմնավորման մեջ ասվում է.

«Համաձայնագրով նախատեսվում է ԱՊՀ մասնակից պետությունների զինված ուժերի միջև համագործակցության զարգացման նպատակներով Կողմերի կողմից ստեղծել ԱՊՀ մասնակից պետությունների զինված ուժերի կապի համատեղ (միացյալ) համակարգ:

Դիտարկվող Համաձայնագրի իրագործման գործունեության լիազորված մարմիններ են համարվում ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարությունները (պաշտպանական գերատեսչությունները):

Համաձայնագրի դրույթներին համապատասխան կապի համատեղ (միացյալ) համակարգի գործառնության և զարգացման ապահովման շահերի հետ կապված ծառայությունների մատուցումը և աշխատանքների կատարումը, կապի ռազմական տեխնիկայի (գույքի) մատակարարումը, կապի ռազմական տեխնիկայի նորոգումն իրականացվում են Կողմերի երկկողմ միջազգային պայմանագրերի համաձայն:

Կապի համատեղ (միացյալ) համակարգի զորքերի (ուժերի) համար զինվորական մասնագետների ուսուցումն իրականացվում է Կողմերի երկկողմ համաձայնագրերով:

Կողմերն իրականացնում են կապի համատեղ (միացյալ) համակարգի ազգային համակարգի (սեգմենտի) զարգացման ֆինանսավորումը և Կապի համատեղ (միացյալ) համակարգի համատեղ միջոցառումների ապահովումը:

Կապի համատեղ (միացյալ) համակարգի զարգացման և դրա մարմինների գործունեության ֆինանսավորման կարգը սահմանում է ԱՊՀ կառավարության ղեկավարների խորհուրդը»:

Հանձնաժողովը քվեարկությամբ դրական եզրակացություն տվեց համաձայնագրին: