Լվովում արևմտյան դիվանագետների դեմ ահաբեկչություն է նախապատրաստվել. ՌԴ ՊՆ

«Ազովի» գումարտակի ազգայնականները ահաբեկչական գործողություններ են ծրագրել Լվովում ԱՄՆ-ի և արևմտյան այլ երկրների դիվանագետների դեմ` դա իբրև ռուս զինվորականների կողմից թիրախավորված հարձակում ներկայացնելու համար։ Այսօր ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը։

Նրա խոսքով` այս սադրանքը ծրագրվել է ՌԴ–ի նկատմամբ Արևմուտքի ճնշումը մեծացնելու համար, որպեսզի ՆԱՏՕ-ի անդամ երկրները լրացուցիչ սպառազինություն տրամադրեն Ուկրաինայի օդային տարածքը փակելու համար։

Կոնաշենկովը նշել է, որ այս տեղեկությունները ռուսական կողմին է հաղորդել հատուկ ռազմական գործողության ընթացքում Դոնեցկի և Լուգանսկի շրջաններում Ուկրաինայի անվտանգության ծառայության գլխավոր վարչության աշխատակիցը, որը կամավոր հանձնվել է ռուս զինվորականներին։

«Ուզում եմ ընդգծել, որ Կիևի վարչակարգը տեղյակ է ազգայնականների ծրագրերից, բայց ոչ մի քայլ չի ձեռնարկում դրանց իրականացումը կանխելու համար», – ասել է Կոնաշենկովը:

Ռուսական կողմին հանձնված ուկրաինացի զինվորականը տեղեկություններ է փոխանցել Դոնբասի տարածքում դիվերսիոն գործողությունների իրականացմանը մասնակցող բոլոր անձանց վերաբերյալ։

ՌԴ ՊՆ ներկայացուցիչը նաև հայտնել է, որ ռուսական զինուժը ճեղքել է ուկրաինական «Այդար» գումարտակի պաշտպանությունը և շուրջ 30 զինյալների ոչնչացրել։

Ամփոփելով վերջին օրվա ռազմական գործողությունների տվյալները` ՊՆ ներկայացուցիչը հայտնել է, որ ռուսական ավիացիան մեկ օրում ոչնչացրել է ուկրաինական 59 ռազմական օբյեկտ, Ս-300 համալիրի տեղորոշիչ և հինգ անօդաչու թռչող սարք, այդ թվում՝ մեկ «Բայրաքթար»։

Ուկրաինայում ռազմական հատուկ գործողության մեկնարկից ի վեր Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը ոչնչացրել են ավելի քան 200 անօդաչու թռչող սարք, 1440 տանկ և այլ զրահատեխնիկա։