«Սիբիր» ավիաընկերության կողմից շահագործվող ինքնաթիռի թռիչքի թույլտվությունը ժամանակավորապես դադարեցվել է․ ՔԱԿ

Հայաստանի Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն տեղեկացնում է, որ մարտի 3-ին ռուսական «Սիբիր» ավիաընկերության (Siberia Airlines) կողմից շահագործվող А320 տիպի ինքնաթիռի՝ Երևանի «Զվարթնոց» օդանավակայան ժամանելուց ժամեր առաջ, երբ այն դեռևս գտնվում էր ՌԴ օդային տարածքում, ի հայտ են եկել տվյալ ինքնաթիռի թռիչքային պիտանիության ապահովման հետ կապված փաստաթղթային խնդիրներ։

«Ավիաընկերության որոշմամբ ինքնաթիռը վայրէջք է կատարել ՌԴ Միներալնիե Վոդի քաղաքի օդանավակայանում, որից հետո միայն ժամանել է Երևանի «Զվարթնոց» օդանավակայան:

Վերը նշված հանգամանքով պայմանավորված՝ ինքնաթիռի նախատեսված թռիչքը Երևանից անհնարին է դարձել: Առաջացած խնդիրները կապված են եղել ավիաընկերության և օդանավի գրանցման երկրի ավիացիոն իշխանությունների, ինչպես նաև նշված օդանավի վարձատուի միջև:

Հարկ ենք համարում նշել, որ ինքնաթիռի հանդեպ կալանք չի կիրառվել, այլ ժամանակավորապես դադարեցվել է նշված ինքնաթիռի թռիչքի թույլտվությունը:

Նշենք նաև, որ Երևանից նախատեսված թռիչքը իրականացվել է ավիաընկերության մեկ այլ օդանավով:

ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն ծագած խնդիրների առնչությամբ ճշգրտող նամակագրություն է իրականացնում ինքնաթիռի գրանցման երկրի ավիացիոն իշխանությունների հետ: Խնդրի վերաբերյալ տեղեկացվել են նաև շահագործող ավիաընկերությունը և Ռուսաստանի Դաշնության ավիացիոն իշխանությունները։ Փաստաթղթային հարցերի պարզաբանումից հետո ինքնաթիռի շահագործումը կվերականգնվի»։