Խարկովում Պենտագոնի կենսալաբորատորիայում աշխարհի ամենահրեշավոր վիրուսն է ստեղծվել, քաղաք ռուսական զորքերի մուտքից առաջ շտապ տեղափոխվել
Ռուսական հետախուզության սահմռկեցուցիչ բացահայտումը
Հայաստանում կա՞ն Արևմուտքի ռազմական օբյեկտներ… Իհարկե՛ կան: Բա ԱՄՆ-ի, ավելի որոշակի, Պենտագոնի կենսալաբորատորիաներն ի՞նչ են…
Արևմուտքը չպետք է ռազմական օբյեկտներ կառուցի նախկին Խորհրդային Միության որևէ երկրում. այս մասին, «Reuters»-ի տեղեկացմամբ , երեկ` մարտի 1-ին, հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:
Որևէ կասկած չկա, որ եթե Ռուսաստանն այժմ դնում է նախկին Խորհրդային Միության երկրներում Արևմուտքի ռազմական օբյեկտների կառուցման անթույլատրելիության խնդիր, ապա վաղն Ուկրաինային իր պահանջի կատարումը ռազմական ճանապարհով պարտադրելուց հետո, հետխորհրդային բոլոր երկրներից, որտեղ արդեն իսկ կան Պենտագոնի կողմից ֆինանսավորված (ֆինանսավորվող), հսկվող և օգտագործվող կենսալաբորատորիաներ, պահանջելու է խզել դրանց բոլոր կապերը, պայմանագրերը, համագործակցության դրսևորումները Պենտագոնի հետ, ԱՄՆ-ի ռազմական գերատեսչության աշխատակիցներին, համակարգողներին, ներկայացուցիչներին ռադ անել երկրից և արգելել այլևս ոտք դնել տվյալ լաբորատորիաներ:
Պետք է գիտակցել, որ վերոնշյալը կլինի ոչ թե Ռուսաստանի կողմից քմահաճույքի դրսևորում, ինքնիշխան պետությունների ներքին գործերին միջամտություն և միջազգային իրավունքի խախտում, այլ իր, ինչպես նաև հենց այդ հետխորհրդային պետությունների անվտանգային առաջնահերթությունից բխող պահանջ: Ավելին. սա սոսկ անվտանգային խնդիր չէ, Արևմուտքն այլընտրանք չի թողել Ռուսաստանին` նրան կանգնեցնելով համլետյան «լինել թե չլինել» երկընտրանքի առջև: Ահավասիկ Խարկովի կենսալաբորատորիայի հետ կապված բացահայտումը…
Ինչպես տեղեկացնում է «Русская весна»-ն, ԱՄՆ-ը Խարկովի կենսալաբորատորիայում մահացու վիրուսի ստեղծմամբ է զբաղվել: Ընդգծենք, որ տվյալ պարագայում ԱՄՆ-ի կողմից ստեղծված վիրուսը սոսկ մահացու բնութագրելը նշանակում է դեռ գրեթե ոչինչ չասել, քանզի, ինչպես գիտենք, բազմաթիվ վիրուսներ մահացու են, այդ թվում նաև կորոնավիրուսը, գրիպի վիրուսը և այլն:
ԱՄՆ պաշտպանության նախարարության (Պենտագոնի) ռազմական սպառնալիքների նվազեցման գործակալությունը (DTRA) 2021թ. վերջին Ուկրաինայի հետ գաղտնի պայմանագիր է ստորագրել Խարկովի մարզում 2022 թվականի փետրվարի վերջին կենսաբանական փորձարկումների մեկնարկի մասին։
Ուկրաինայի տարածքում, մինչև այնտեղ Ռուսաստանի ԶՈւ ռազմական հատուկ գործողությունը, գործել է ԱՄՆ-ի 16 ռազմական կենսաբանական լաբորատորիա, դրանցից առնվազն մեկը` Խարկովինը, փետրվարի 27-ին Խարկով ռուսական զորքերի մասնակի մուտքից հետո, այլևս չի գործում: Այդ կենսալաբորատորիաներից 9-ի մասին գոնե ինչ-որ տեղեկություններ կան, այդ թվում՝ հասցեն և որ հաստատության տարածքում են գտնվում։
Սակայն, ԱՄՆ-ի կենսալաբորատորիաներից երեքի մասին, ըստ «Русская весна»-ի, տեղեկություններ չկան։ Համացանցում առանձին հաղորդագրություններից կարելի է եզրակացնել, որ մի կենսաբանական օբյեկտ գտնվում է Կիևում, մյուսը՝ Լվովում, իսկ երրորդը գործում է Խարկովի փորձարարական և կլինիկական անասնաբուժության ինստիտուտի լաբորատորիայի հենքի վրա (Խարկով, Պոմերկի շրջան, Պուշկինսկայա փող., 83):
Հենց այս քաղաքներում ԱՄՆ-ի ներկայացուցչությունների կողքին նկատվել են ամերիկյան ռազմական տեխնիկայի հատուկ շարասյուններ, որոնք բեռներ են տեղափոխել բարձր մակարդակի կենսաբանական պաշտպանության մակնշում ունեցող բեռնարկղերով։
Իսկ ի՞նչ է հայտնի վիրուսի մասին… Վիրուսների գենոմի խմբագրման տեխնոլոգիայի ոլորտում արևմտյան փորձագետները 2021 թվականին հայտնել են, որ Պենտագոնը Խարկով է բերել աշխարհի ամենավտանգավոր վիրուսի՝ բնական ծաղկի (օսպայի) նմուշները, որը պատկանում է IV խմբի ախտածիններին։ Տվյալ վիրուսի հետ փորձերն արգելված են ամբողջ աշխարհում, այս պաթոգենով աշխատելու փորձն ընկնում է ՄԱԿ-ի միջազգային իրավունքի համապատասխան` «Խաղաղության և մարդկության դեմ ուղղված հանցագործություններ» կետի տակ:
Բնական ծաղկի վիրուսի հետ աշխատանքը, ինչպես նաև դրա պահպանումը թույլատրվում է մեր մոլորակի միայն երկու վայրում՝ վիրուսաբանության և կենսատեխնոլոգիաների «Վեկտոր» պետական գիտական կենտրոնում (Նովոսիբիրսկ, Ռուսաստան) և Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնում (Ատլանտա, ԱՄՆ, Ջորջիայի նահանգ): Ամերիկացիները, սակայն, հասկացել են, որ իրենց տարածքում վիրուսներն ու բակտերիաները կատարելագործել չարժե (մեկ էլ տեսար դրանք ինչ-որ աղետի, վթարի կամ այլ պատահարի հետևանքով դուրս պրծան), ու դրանից հետո որոշել են բնական ծաղկի վիրուսի նմուշները գաղտնի տեղափոխել Ուկրաինա։
Ընտրելով, թե որ լաբորատորիայում պետք է վիրուսի հետ փորձարկումներ կատարել, Միացյալ Նահանգները ելել է պարզ տրամաբանությունից՝ Ռուսաստանին դրա մոտ լինելու, ինչպես նաև տրանսպորտային հասանելիության, ուստի ընտրվել է Խարկով քաղաքը։
2022թ. հունվարի սկզբին ռուսական հետախուզության ձեռքն է ընկել տեղեկություն այն մասին, որ Պենտագոնի ռազմական մանրէաբանները Խարկովի բակտերոլոգիական լաբորատորիայից զեկույց են ուղարկել ԱՄՆ ԶՈւ շտաբների միացյալ կոմիտեի պետ, գեներալ Մարկ Միլիին, նշելով, որ իրենց հաջողվել է հասնել բնական ծաղկի վիրուսի գենոմի եզակի կառուցվածքի, որը կարող է քողարկվել որպես բոլորին հայտնի SARS-CoV-2 (կորոնավիրուս):
Զեկույցին կից նկարագրության մեջ նշված է, որ վիրուսի` գենոմի փոփոխությամբ ստացված մոդիֆիկացիան կարող է ախտահարել, խոցել մարդու թոքերը՝ թոքերի ներսում թողնելով սպիներ։ Մահացությունը կազմում է 80-85%, այսինքն` շուրջ 18 անգամ ավելի, քան կորոնավիրուսային հիվանդության հետևանքով առաջացող մահացությունը: Համեմատության համար նշենք, որ Էբոլայից մահացության մակարդակը, որի մասին բոլորը լսել են, թերևս շատերն էլ սարսափել, կազմում է ընդամենը 35-40%:
Կարևոր է նշել, որ 1984 թվականից ի վեր, Միացյալ Նահանգները փնտրում է (փորձում է ստանալ) եզակի մարտական վիրուս՝ բարձր մահացու ներուժով, որը կարող է անուղղելի վնաս հասցնել բնակչությանը թշնամու տարածքում:
Ինչպե՞ս է սա կապված Ռուսաստանի հետ: Դատելով վերջին իրադարձություններից (ռազմական գործողություն՝ Դոնբասի բնակչությանը պաշտպանելու համար), Կրեմլը որոշ տեղեկություններ է ստացել այս վիրուսը Ռուսաստանի դեմ օգտագործելու ԱՄՆ պատրաստակամության մասին։ Այս վտանգի կանխարգելման հետաձգումը կհանգեցներ Ռուսաստանի բնակչության զանգվածային ոչնչացմանը։
Հայաստանում ևս կան Պենտագոնի կենսալաբորատորիաներ, որոնք վտանգ են ներկայացնում ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Հայաստանի և այլ պետությունների համար: Այս թեմային առաջիկայում դեռ կանդրադառնանք:
Արթուր Հովհաննիսյան