Բնավ պատահական չէ, որ Թուրքիան Ռուսաստանի նկատմամբ իր տարածքային հավակնությունների մասին ակնարկում է նաև հիմա…

Ռուս-ուկրաինական գրեթե անխուսափելի պատերազմից և աշխարհաքաղաքական մեծ խմորումներից առաջ

 

Թուրքական «Karar» հրատարակչությունը, ինչպես անցյալ շաբաթ տեղեկացրեց «РИА Новости»-ի գործակալությունը, հոդված է հրապարակել, որում ռուսական տասը շրջաններ անվանել է «ինքնավար թյուրքական հանրապետություններ, որոնք անկախություն չունեն»։ Այնպիսի պետությունում, ինչպիսին Թուրքիան է, այսպիսի հոդվածները չեն հրապարակվում առանց երկրի ղեկավարի կամ իշխանությունների ուղղորդման:

«Ենթադրվում է, որ աշխարհում կա 200-ից 250 միլիոն թուրք, և նրանց մոտ մեկ երրորդը ապրում է Թուրքիայում»,- նշված է հոդվածում:

Հոդվածում նշված նաև, որ, ընդհանուր առմամբ, կա յոթ թյուրքական պետություն՝ Թուրքիան, Ադրբեջանը, Ղազախստանը, Ուզբեկստանը, Ղրղզստանը, Թուրքմենստանը և Հյուսիսային Կիպրոսը («РИА Новости»-ի հիշեցմամբ` օկուպացված, որի անկախությունը ճանաչել է միայն Անկարան)։

Թվարկված են նաև թյուրքական մեծամասնություն ունեցող ինքնավար շրջանները` Չինաստանում Սինցզյան- Ույղուրական ինքնավար շրջանը (հոդվածում կոչվում է Արևելյան Թուրքեստան), Մոլդովայում՝ Գագաուզիան, Ուզբեկստանում՝ Կարակալպակստանը և Ադրբեջանում՝ Նախիջևանը։

Հրապարակման մեջ այնուհետև թվարկված են «ինքնավար թյուրքական հանրապետությունները»: Այս ցանկում ներառված էին Ռուսաստանի տասը շրջաններ՝ Թաթարստանը, Բաշկիրիան, Չուվաշիան, Տուվան, Յակուտիան, Ալթայը, Կաբարդինո-Բալկարիան, Դաղստանը, Խակասիան և Կարաչայ-Չերքեզիան: Դրա հետ մեկտեղ նշված է, որ ոչ բոլոր հանրապետություններում են թյուրք ժողովուրդների ներկայացուցիչները մեծամասնություն կազմում։

Բնականաբար, հարց է առաջանում` եթե ոչ բոլոր հանրապետություններում են մեծամասնություն կազմում, ինչպե՞ս, ի՞նչ հիմքով են վերոնշյալ հանրապետությունները թյուրքական անվանված: Սրանով Թուրքիան հերթական անգամ չի թաքցնում իր պանթյուրքական ծրագիրը, որը նպատակ ունի նշված հանրապետություններում մի օր հասնել թյուրքական մեծամասնության: Եվ ոչ միայն… Վերջնանպատակը հիշյալ հանրապետություններն իրենով անելն է:

Ավելի վաղ թուրքական լրատվամիջոցներն արդեն հրապարակել էին տարբեր նյութեր, որոնցում այլ պետությունների տարածքները թուրքական են անվանվել։ Օրինակ, անցյալ տարվա փետրվարին TGRT հեռուստաալիքը ցուցադրել է մինչև 2050 թվականը Անկարայի ազդեցության գոտու ընդլայնման կանխատեսումը դեպի Բալկաններ, Անդրկովկաս, Մերձավոր Արևելք, Կենտրոնական Ասիա, ինչպես նաև Ռուսաստանի հարավ և Վոլգայի շրջան։ Ցուցադրվածը «Stratfor» («Ստրատֆոր») ամերիկյան հետախուզա- վերլուծական ընկերության (անվանվում է նաև «Ստվերային ԿՀՎ») կանխատեսմամբ «թուրքական ազդեցության ընդլայնման»‰ քարտեզն է, որի վրա Ռուսաստանի հարավի տարածաշրջաններից նշված են նաև Ղրիմը, Կուբանը, Ռոստովի մարզը: Ղրիմի խորհրդարանում քարտեզն անհեթեթ են անվանել։

Անցյալ տարվա նոյեմբերին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին է հանձնվել «թուրքական աշխարհի» քարտեզը` Ռուսաստանի տարածքի կեսի ներառմամբ: Այն Էրդողանին է նվիրել թուրք ազգայնականների առաջնորդը` «Ազգայնական շարժում» կուսակցության ղեկավար Դևլեթ Բահչելին: Դրա վրա դեղին և նարնջագույն գույներով նշված են Ռուսաստանի մի շարք շրջաններ, այդ թվում՝ Սիբիրը։ Լուսանկարը, որում պատկերված է Բահչելիի կողմից քարտեզն Էրդողանին հանձնելու պահը, զետեղվել է կուսակցության թվիթերյան էջում: Անկարան նշված քարտեզի առնչությամբ որևէ բացատրություն չի տվել։

Քարտեզի վրա կարմիրով նշված են Թուրքիան, Ադրբեջանը, Թուրքմենստանը, Ուզբեկստանը, Ղազախստանը, Ղրղզստանը և Տաջիկստանը։ Միաժամանակ նարնջագույնով նշված են Բալկանյան թերակղզու որոշ երկրներ, Իրանի մի մասը, Ռուսաստանի հարավային շրջանները, ինչպես նաև Սիբիրի մեծ մասը և Մոնղոլիայի արևմտյան մասը։ Դեղինով նշված են Ալթայը, Յակուտիան և Չինաստանի Սինցզյան-Ույղուրական ինքնավար շրջանը։

Թեև հրապարակված լուսանկարի մակագրության մեջ չի նշված, թե ինչ են ներկայացնում, ինչ իմաստ ունեն կամ ինչ են խորհրդանշում վերոնշյալ գույները, սակայն դժվար չէ հասկանալ, որ կարմիրով նշվածներն արդեն իսկ թուրքական են համարված, քանի որ նույն գույնով է գունանշված նաև Թուրքիան, նարնջագույնով նշվածները շուտով դառնալու են թուրքական (նարնջագույնը կարմրին ավելի մոտ է, քան դեղինը), իսկ հետագայում, ըստ Բահչելիի, նրա ղեկավարած «Ազգայնական շարժում» կուսակցության և կարելի է ասել նաև` հիշյալ նվերն ընդունած Էրդողանի, թուրքական են դառնալու նաև դեղինով նշվածները:

Խոսուն են նաև այն փաստերը, որ Բահչելին ու Էրդողանը, թուրքական «Cumhuriyet» պարբերականի փոխանցմամբ, հանդիպել են Թուրքիայի ղեկավարի նախագահական պալատում, ընդ որում, հանդիպումը տևել է ոչ կարճ, այլ 45 րոպե, իսկ զրույցից ու բանակցություններից հետո հայտարարություններ չեն հրապարակվել: Հիշատակության արժանի է նաև այն, որ Բահչելիի գլխավորած «Ազգայնական շարժումը» վերահսկում է ծայրահեղ աջ ազգայնականների «Գորշ գայլեր»‰ («Բոզքուրտ») թուրքական երիտասարդական կազմակերպությունը։

Ստամբուլում 2021թ. նոյեմբերի 12-ին տեղի է ունեցել Թյուրքալեզու պետությունների համագործակցության խորհրդի («Թուրքական խորհուրդ») գագաթնաժողովը, որի նպատակը, ըստ էության, պանթյուրքական ծրագրի իրագործմանը նպաստելն է: Գագաթնաժողովը որոշում է կայացրել Թյուրքալեզու պետությունների համագործակցության խորհուրդն անվանափոխել Թյուրքական պետությունների կազմակերպություն: Կազմակերպության կազմում ընդգրկված են Թուրքիան, Ադրբեջանը, Ղազախստանը, Ղրղզստանը և Ուզբեկստանը: Թուրքմենստանը և Հունգարիան մասնակցում են որպես դիտորդներ։ Գագաթնաժողովում հաստատվել է Թյուրքական աշխարհի հայեցակարգը մինչև 2040 թվականը։

Թեև Թուրքիան Անդրկովկասի ու նույնիսկ Ռուսաստանի նկատմամբ իր տարածքային հավակնությունների մասին անուղղակիորեն ակնարկել է դեռ անցյալ տարվանից, սակայն, կարծում եմ, բնավ պատահական չէ, որ դա արվում է նաև հիմա` ռուս-ուկրաինական գրեթե անխուսափելի պատերազմից և աշխարհաքաղաքական մեծ խմորումներից առաջ: Այս եզրակացությունը հիմնված է որոշ փաստերի և առկա իրողություններից բխող տրամաբանության վրա:

 

Արթուր Հովհաննիսյան