Անգլո-սաքսերը «դժգոհ են» Չինաստանից

Արևմուտքում կարծես թե սկսում են ուշքի գալ Պեկինում կայացած չին-ռուսական գագաթնաժողովի բանակցությունների արդյունքներից ստացած ցնցումից։

Իհարկե, ավելի շատ հետաքրքրում է անգլո-սաքսոնական աշխարհի արձագանքը, ինչը հասկանալի է. այժմ աշխարհում, այդ թվում՝ մեր Անդրկովկասի ողբերգական իրադարձությունների հիմնական նախաձեռնողները ԱՄՆ-ը և Անգլիան են։

Այսպիսով, Վաշինգտոնում անկեղծորեն վշտացած և տարակուսած են: Այս մասին փետրվարի 5-ին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի Արևելյան Ասիայի և Խաղաղ օվկիանոսի գծով օգնական Դանիել Քրիտենբրինկը։ Նա մինչևիսկ ափսոսացել է, որ Սի Ցզինպինը Պուտինի հետ սխալ բաների մասին է խոսել։ Նրա կարծիքով, Սի Ցզինպինը պետք է Պուտինին ճիշտ ուղղորդեր. «Այս հանդիպումը պետք է Չինաստանին հնարավորություն ընձեռեր խրախուսելու Ռուսաստանին՝ գնալ դիվանագիտական ​​ճանապարհով և շարժվել դեպի Ուկրաինայում դեէսկալացմանը։ Հենց դա է աշխարհն ակնկալում պատասխանատու տերություններից»։ Նա ակնհայտ դժգոհություն  է հայտնել այն փաստի առնչությամբ, որ Չինաստանի ղեկավարը չի արդարացրել ԱՄՆ-ի նկրտումները և իր ռուս գործընկերոջը կշտամբելու փոխարեն, ընդհակառակը, պաշտպանել է ՆԱՏՕ-ի չընդլայնման մասին նրա թեզը։ Պետդեպարտամենտի ներկայացուցիչը ցավով արձանագրել է, որ երկու առաջնորդների համատեղ հայտարարությունը ՆԱՏՕ-ի ընդլայնման դեմ «արտացոլում է երկրներին միմյանց հետ մերձեցնելու մոտեցումը»: «Եթե Ռուսաստանը ներխուժի Ուկրաինա, իսկ Չինաստանը հայացքն այլ կողմ ուղղի, դա ցույց կտա, որ Չինաստանը պատրաստ է հանդուրժել կամ լռելյայն աջակցել Ռուսաստանին»,- դժգոհել է Քրիտենբրինկը: Նա սպառնացել է, որ եթե Ռուսաստանը «ներխուժի Ուկրաինա», իսկ Չինաստանը չառարկի, ապա ԱՄՆ-ը և նրա դաշնակիցները «վճռական պատասխան կտան», այդ թվում՝ Հնդկական-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում։

ՉԺՀ առաջնորդի հասցեին Վաշինգտոնից ուղղված նման «հրահանգը» հստակ ցույց է տալիս, որ հենց Ամերիկան ​​է ղեկավարվում անպատասխանատու անհատների կողմից, որոնք կարծում են, որ ունեն «ուսուցանելու իրավունք», այն էլ  Չինաստանին… Ամերիկացիներն ակնհայտորեն չեն ուզում հիշել, որ ոչ վաղ անցյալի նույնիսկ ոչ այնքան հզոր Չինաստանը երբեք չի ենթարկվել ոչ միայն ԱՄՆ-ին, այլև… ԽՍՀՄ-ին: Ավելի վաղ «Լայվնյուզ»-ում https://livenews.am/press/2022/155646/05/16/34/  ներկայացվել էր անգլիական ազդեցիկ «Դեյլի թելեգրաֆ» հրատարակչության վերլուծությունը։ Ռուսաստանի և Չինաստանի համատեղ հայտարարությունը, որն արվել է ՌԴ նախագահ Պուտինի՝ Պեկին կատարած այցի ժամանակ, խորհրդանշում է անցումը դեպի միջազգային հարաբերությունների սկզբունքորեն նոր կառուցվածքի, գրում է թերթը։ Նշվում է, որ Պուտինի հանդիպումը Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հետ ՉԺՀ մայրաքաղաքում, որը տեղի է ունեցել «լուրջ միջազգային լարվածության» պահին, նշանավորում է «նոր աշխարհաքաղաքական դարաշրջանի» սկիզբ։ Թերթի տվյալներով՝ «այսուհետ ԱՄՆ-ի գլխավորությամբ Արևմուտքի համաշխարհային գերակայությունն այլևս չի ընդունվի, չի հանդուրժվի»։ Ըստ «Դեյլի թելեգրաֆ»-ի՝ «տասնամյա նվաստացումներից հետո» Ռուսաստանն ու Չինաստանը «ոտքի են կանգնել և այժմ տակնուվրա են անելու սառը պատերազմից հետո ձևավորված անարդար աշխարհակարգը»: Միևնույն ժամանակ, այս իրավիճակում «անմիջական հաղթող» են անվանում Պուտինին։ Պարբերականը կարծում է, որ Չինաստանի ներկայությունը՝ որպես դաշնակցի, թույլ կտա Ռուսաստանին ամրապնդել իր դիրքերը համաշխարհային քաղաքական հարթակում, ինչպես նաև մեղմել Արևմուտքի կողմից հնարավոր պատժամիջոցների հետևանքները՝ Ուկրաինա ռուսական հիպոթետիկ ներխուժման դեպքում։ Ըստ թերթի, Չինաստանի աջակցությունը ԱՄՆ-ին և ՆԱՏՕ-ին ուղղված Ռուսաստանի պահանջներին՝ անվտանգության երաշխիքների վերաբերյալ, որոնք արտահայտված են երկրների համատեղ հայտարարության մեջ, Մոսկվան կարող է օգտագործել որպես հաղթաթուղթ արևմտյան երկրների հետ երկխոսության մեջ։

«Դեյլի թելեգրաֆ»-ը նաև ընդգծում է, որ Չինաստանի և Ռուսաստանի միջև սերտ գործընկերությունը թույլ չի տալիս ԱՄՆ-ին վերջնականապես կենտրոնանալ խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի իրավիճակի վրա, որը Վաշինգտոնի վարչակազմը համարում էր արտաքին քաղաքականության առաջնահերթություն։ Միևնույն ժամանակ, բրիտանացիները կարծում են, որ նույնիսկ ՌԴ-ի «հսկայական միջուկային զինանոց և արդյունավետ ու մարտունակ բանակ ունենալու» պայմաններում, հենց «շատ ավելի հարուստ և բնակեցված» ՉԺՀ-ն է սահմանելու երկրների միջև հարաբերությունների երանգը: Պարբերականը եզրակացնում է, որ Մոսկվան ու Պեկինն այժմ կապված են ընդհանուր նպատակով՝ «վերջ դնել Pax Americana-ին», այսինքն՝ ամերիկյան համաշխարհային տիրապետությանը։

Սերգեյ Շաքարյանց