Թուրքիան վավերացրել է «Շուշիի հռչակագիրը»

Թուրքիայի խորհրդարանը վավերացրել է Ադրբեջանի հետ ռազմական համագործակցության մասին «Շուշիի հռչակագիրը», հաղորդում է ՌԻԱ «Նովոստի»-ի թղթակիցը։

Փաստաթղթի ընդունմանը կողմ է քվեարկել 266 պատգամավոր։ Շուշիի հռչակագիրը, որը նախկինում քննարկման էր ներկայացվել արտաքին հարաբերությունների հանձնաժողովում, բարձր է գնահատվել հանձնաժողովի կողմից և խորհրդարանում ներկայացվել որպես պատմական կարևոր փաստաթուղթ։
Ավելի վաղ հռչակագիրը հաստատել էր Ադրբեջանի խորհրդարանը:
Համագործակցության մասին Շուշիի հռչակագիրն Ադրբեջանի և Թուրքիայի նախագահներ Իլհամ Ալիևի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից 2021 թվականի հունիսի 15-ին ստորագրված համագործակցության մասին պայմանագիր է:
Փաստաթղթի ստորագրումից հետո Իլհամ Ալիևն ասել է, որ այն բարձրագույն մակարդակի է հասցնում Ադդրբեջանի և Թուրքիայի համագործակցությունը։ Հռչակագիրը ենթադրում է փոխադարձ ռազմական օգնություն և սերտ համագործակցություն ռազմարդյունաբերության ոլորտում։ «Մեր ստորագրած դաշնակցային համաձայնագիրը ցույց է տալիս մեր հետագա համագործակցության ուղիները, հռչակագրում կարևորվում է փոխգործությունը միջազգային մակարդակում, էներգետիկ անվտանգության, Հարավային գազային միջանցքի, տնտեսության, առևտրի, մշակույթի, սպորտի բնագավառներում, բայց ես ուզում եմ առանձնացնել երկուսը՝ համագործակցությունը ռազմարդյունաբերության ոլորտում և փոխադարձ ռազմական օգնությունը»,- ասել է Ալիևը։ Նա «պատմական մեծ նվաճում է» անվանել դեկլարացիան։ Ալիևը խոսել է նաև այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» մասին, ասելով, թե «դա հնարավոր է դարձել ղարաբաղյան պատերազմից հետո ստեղծված աշխարհաքաղաքական նոր իրավիճակի արդյունքում»։