Ալեն Սիմոնյանն ստանձնել է հանրապետության նախագահի լիազորությունները

ՀՀ ԱԺ նախագահը ստորագրել է հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի՝ նախագահի լիազորությունները դադարած համարելու մասին արձանագրությունը։ Այս մասին տեղեկանում ենք ԱԺ լրատվական ծառայությունից։

«Հիմք ընդունելով հանրապետության նախագահի հրաժարականի մասին դիմումը եւ առաջնորդվելով Հայաստանի Հանրապետության  Սահմանադրության 142-րդ հոդվածի եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 147-րդ հոդվածի 1-ին մասի եւ 2-րդ մասի 2-րդ կետի պահանջներով՝ դադարած համարել Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի՝ նախագահի լիազորությունները»:

Հիշեցնենք, որ ՀՀ Սահմանադրությամբ՝ Հանրապետության նախագահի պաշտոնանկության, լիազորությունների կատարման անհնարինության, հրաժարականի կամ մահվան դեպքերում մինչև նորընտիր Հանրապետության նախագահի կողմից պաշտոնի ստանձնումը Հանրապետության նախագահի լիազորությունները կատարում է Ազգային ժողովի նախագահը: