Ամենայն Հայոց Կաթողիկոսը հոգևոր դասի հետ Եռաբլուրից աղոթք բարձրացրեց առ Աստված՝ քաջարի զավակների հոգիների հանգստության համար

Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հոգևոր դասի ուղեկցությամբ Եռաբլուր զինվորական պանթեոնում է։

«Այսօր բանակի օրն է, նաև Հայոց բանակի կազմավորման 30-ամյակը։ Մենք՝ միաբան մեր հայրերի հետ, բարձրացանք այստեղ, որպեսզի մեր աղոթքն առ Աստված բարձրացնենք մեր քաջարի զավակների հոգիների հանգստության համար»,- լրագրողների հետ զրույցում ասաց Գարեգին Բ-ը։

Վեհափառ Հայրապետի խոսքով, հայցում են, որ Տերը օրհնի մեր ժողովրդի կյանքը՝ ապրելու խաղաղության և ապահովության պայմաններում, ապրելու արարողական, ստեղծագործական կյանքով, բարօրության մեջ։

«Նաև մեր հայցն առ Աստված բարձրացրեցինք, որպեսզի Տիրոջ օրհնությամբ զորանա Հայոց բանակը և պաշտպանի խաղաղ, անվտանգ կյանքը մեր երկրի և մեր ժողովրդի»,- ասաց Ամենայն Հայոց Կաթողիկոսը։