ԱՌԱԿՍ ԶԻՆՉ ՑՈՒՑԱՆԵ

Ամեն ժողովուրդ նոր սերունդը կրթելու մտահոգություն է ունեցել. ավագ սերունդն իր կյանքի փորձը, իմաստությունն ու գիտելիքները փոխանցել է մանուկներին ու երիտասարդներին իր ամենօրյա աշխատանքով, որսորդության և ճակատամարտերի մասին պատմություններով` թե երբ, որտեղ և ինչու սխալվեցին և կամ ինչպիսի դիպուկ հարվածն ու ճիշտ գործողություններն են հաղթանակն ապահովել:
Այդ պատմությունները ժամանակի ընթացքում հղկվել են, սղվել և վերածվել են ժողովրդական բանահյուսության որոշակի ժանրերի` առակի, առածի, ասացվածքի:

Առակը մի կարճ պատմություն է` վերջում բարոյախրատական եզրակացությամբ` «Առակս զինչ ցուցանե», ապա հետևում է առակի բարոյական եզրահանգումը: Առածն ու ասացվածքն էլ իմաստուն մտքեր են`դարձյալ խրատելու և սովորեցնելու նպատակով: Հազարամյակներով հասարակությունը կրթվել է Ազգի լուսավորյալ մարդկանց իմաստությամբ և ժողովրդի` դարերի ընթացքում կուտակած մտավոր, բարոյական, ռազմական, աշխատանքային և կենցաղային գիտելիքներով և փորձով, որը բյուրեղանում էր առակներում և առած-ասացվածքներում:
Առակ-ասացվածքի դաշտից դուրս մնացած մարդկանց անառակ էին անվանում, այսինքն` առակների խրատներով չսնված…Եվ այդպիսիք շատ չէին, որովհետև հասարակությունն իր յուրաքանչյուր բջիջում` գերդաստանում, կրթում էր իր զավակին հենց ի՛ր համար, ուրեմն նաև համայնքի համար: Ոչ մի գերդաստան չէր ուզի իր հարկի տակ ունենալ անառակ, անբարո և գող անդամ, հետևաբար համայնքն ինքն էր կրթում իր անդամին: Եվ դա եղել է արդյունավետ: Հետագայում, երբ ստեղծվում էին հանրակրթական դպրոց-վարժարաններ, դրանք նույնպես իրենց վրա էին վերցնում համայնքի և հասարակության կրթության և կրթվածության հոգսը և այդ գործը կատարում էին բարեխղճորեն: Որքան ավելանում էր ուսուցիչների թիվը, նույնքան փոխվում, շեղվում ու խեղվում էին կրթության և կրթվածության սահմանները: Ստեղծվում էին դասակարգային մտածողության դպրոցներ, որոնք տարանջատվում էին վերին և ստորին խավերի: Ստորին խավերը հիմնականում մնում էին առակ-առածների տիրույթում, և դա ժողովրդին օգնում էր բարոյապես մաքուր մնալ և չհեռանալ բնությանը և Աստծուն նմանվելու ակունքներից: Թե զարգացած և քաղաքակիրթ հորջորջվող ամենատարբեր փիլիսոփայական ուղղությունների հետևող «բարձր» դպրոցները որքան շեղեցին և խեղեցին հասարակությունը, վավերացրել է մարդկության` խարդավանքներով ու դաժանություններով լի պատմությունը: Բայց եղել են նաև մարդկային բարձր մքտի ու բարոյական ազնիվ մղումներով առաջնորդվող դպրոցներ ու համալսարաններ, որոնք այսօր էլ շարունակում են սերունդներ կրթել:

Առակները, առածներն ու ասացվածքները իսկապես դարերով փոխարինել են դպրոցին.դրանք բարոյապես կրթել ու դաստիարակել են մարդուն,  որպեսզի նա հասարակության համար պիտանի և լիիրավ անդամ լինի:
Հայ ժողովուրդը հազարամյակների ընթացքում ստեղծել է բազում առակ-առած-ասացվածքներ և փոխանցելով սերնդե սերունդ` կրթել ու դաստիարակել է իր ներկա սերունդը` վաղվա հասարակության համար պատրաստելով բարոյապես և հոգեպես կայուն մարդ….Կա նաև մի այլ հանգամանք ևս. մարդիկ, իրենց միտքը հասկանալի ու հասանելի դարձնելու, կյանքի այս կամ այն իրավիճակը մեկնաբանելու համար առակ են պատմել:Հիշենք Հիսուս Քրիստոսի առակները , որոնցով նա իր աշակերտներին հաղորդակից էր դարձնում Աստվածային խորհրդին ու բարոյական չափանիշներին…Այդ առակները , ցավոք, այսօր էլ պահպանել են իրենց այժմեականությունն ու հրատապությունը… Դրանում, իհարկե, Քրիստո՛սը չէ մեղվոր… պարզապես մարդկության մի հատվածը պարբերաբար շեղվում է ԱՍՏՎԱԾԱՅԻՆ ՈՒՂՈՒՑ և մյուս հատվածին դնում է հարվածի տակ… Եվ այնուամենայնիվ, մարդկությունը շարունակում է դիմել առակին, որովհետև ոչ մի դպրոց ու համալսարան կյանքի վերաբերյալ այնքան խոր և իրադրային գիտելիք ու փորձ չի տալիս, ինչպես` առակը…

Այս առակները, որ ուզում եմ ներկայացնել իմ ընթերցողներին, հայկական ժողովրդական առակներ են . դրանցից շատերը մենք լսել ենք մեր ծնողներից , կյանքով իմաստնացած մարդկանցից: Դրանք նաև որպես ժողովրդական բանահյուսություն` տպագրված են ակադեմիական հատորներում`գրեթե մեր բոլոր բարբառներով և մեր ժողովրդի`այսպես կոչված, ոչ նյութական մշակութային ժառանգության անգնահատելի հարստությունն են: Մարդկային բազմապիսի զանգվածներ` անկախ մարդաբանական  տեսակից, կարող են հազարամյակներով գոյատևել, բայց նրանք գնահատվում են ոչ թե սոսկ իրենց հազարամյա գոյությամբ, այլ թե քաղաքակրթության համամարդկային սեղանին ինչ և որքան արժեքներ են դրել… Հայ ժողովուրդը`ի դեմս իր տաղանդավոր ու հանճարեղ զավակների, քաղաքակրթության սեղանին է դրել բազմաթիվ ու բազմապիսի մշակութային արժեքներ, դրանց շարքում` մեր բանահյուսական գանձերը` վիպասացությունը՝ էպոսը, հեքիաթները, ավանդությունները, առասպելները, առակ-առածները:

Ինչո՞ւ ես ցանկացա ընթերցողներին հասցնել մորս պատմած առակներն ու առածները, այն էլ` վերաշարադրված գրական հայերենով`տալով մի թեթև խոսակցական երանգ: Ես բանահաք-բանագետների ներողամտությունն եմ հայցում, որ խախտել եմ բանահավաքչության ոսկե կանոնը`ասացողից գրի առնել այնպես, ինչպես նա պատմել է… Բայց իմ արածը բանահավաքչություն չէ մասնագիտական իմաստով…Ես վերապատմել եմ մորս ասած առակները, որոնցով մենք` նրա չորս զավակները, մեծացել ու կրթվել ենք մեր ընտանիքում, պահպանել ենք հայերենը` օտար երկրում կրթվելով հայկական դպրոցում, պահել ենք հայկական ազգային ավանդույթները` հոգևոր ու աշխարհիկ ծեսերը, երաժշտական ճաշակի դաստիարակությունը, մարդկային հաղորդակցության հայկական ազգային չափորոշիչները` հարգանք մեծերի, ուշադրություն և հոգատարություն փոքրերի հանդեպ, օգտակար լինելու պատրաստակամությունը` հարևան-բարեկամին և անգամ անծանոթ մարդկանց, ովքեր այդ պահին օգնության կարիք ունեն:

Ահա՛ այդ առակներից մեկը.

ՇՆՈՐՀՆ ՈՒ ՏԱՂԱՆԴԸ Ո՞Ր ԱԶԳԵՐԻՆ Է ՏՎԵԼ ԱՍՏՎԱԾ

Երբ Աստված մարդկանց տվեց բանական միտք և աշխատելու հմտություն, որոշեց բազմահազար ժողովուրդներին պարգևել նաև գիտություն և արվեստ արարելու շնորհ և տաղանդ:Նա կանչում է իր մոտ հրեշտակներին և հանձնարարում է նրանց տանել ու բաժանել արարչական շնորհն ու տաղանդը ժողովուրդներին: Գաբրիել հրեշտակապետը տեսնում է, որ Աստծո տված շնորհն ու տաղանդը այնքան շատ չեն, որ աշխարհում ապրող բոլոր ազգերին ու մարդկանց բավարարեն: Եվ նա համարձակվում է ասել այդ մասին Աստծուն: Աստված ասում է.

– Տաղանդն ու շնորհը,առավել ևս հանճարը, հաց հանապազօրյա չեն, որ ամենքին ու բոլորին հավասարապես բաշխվեն: Շնորհն ու տաղանդը իմ կողմից առանձնահատուկ պարգև կլինեն. դրան կարժանանան այն մարդիկ, ովքեր առօրյա աշխատանքից ու հոգսերից հետո խորհում ու մտածում են իրենց ապրած ու չապրած կյանքի, բարու ու չարի, գեղեցիկի ու վեհի մասին և իրենց այդ միտք ու խոհերը կուզեն տալ ուրիշներին և տարածել մարդկանց մեջ, որպեսզի նրանք էլ հաղորդակից լինեն գեղեցիկին ու վեհին, բարուն ու ազնիվին: Վերցրե’ք շնորհի ու տաղանդի այս ողջ պաշարը և տարեք բաժանեք մարդկանց ու ժողովուրդներին: Շրջե’ք երկրե երկիր գիշերով, և որտեղ կեսգիշերն անց կտեսնեք վառվող ճրագներ, այդ տան երդիկից կամ լուսամուտից իջեցրեք շնորհն ու տաղանդը:

Հազարավոր հրեշտակներ սավառնում են բազմաթիվ քաղաքների ու գյուղերի վրայով և զարմանում են, որ ոչ մի ճրագ չի վառվում,որոշ քաղաքների վրայով թռչելիս տեսնում են հատ ու կենտ վառվող ճրագներ և երդիկներից իջեցնում են աստվածային շնորհն ու տաղանդը: Բայց ողջ պաշարի մեծ մասը դեռ չէին բաժանել, և անհանգստանում են, թե ի՞նչ են ասելու Աստծուն,երբ վերադարձնեն շնորհն ու տաղանդը: Բայց անսպասելի հեռվում երևում է լույսերի մի իսկական ծով, և բոլոր հրեշտակները թռչում են դեպի այդ երկիր: Նրանք գրեթե բոլոր երդիկներից ներս են իջեցնում և առատորեն բաժանում են շնորհը, տաղանդն ու հանճարը, և մինչ լույսը կբացվեր, ողջ պաշարը սպառվում է…Աստված,որ հետևում էր հրեշտակների թռիչքին, տեսնում է, որ բազմաթիվ քաղաքների ու գյուղերի վրայով շատ արագ են թռչում նրանք, իսկ մի երկրի վրայով նրանց թռիչը երկար է տևում. ամեն հրեշտակ իջնում էր երկիր, մոտենում էր երդիկին և նրա լուսամուտից ներս էր իջեցնում շտորհն ու տաղանդը:
Այդ երկիրը Աստծո առաջին երկիր Հայաստանն էր, իսկ մարդիկ` հայերը:

Մայրս այս առակը պատմում է, երբ որևէ այլազգի մարդ փորձում էր հայերին նսեմացնել կամ կասկածել մեր բազմաշնորհ լինելուն…

Մարի Բարսեղյան-Խանջյան
գրող, հրապարակախոս