Ալիևի և Էրդողանի քամակները վառված են ՀԱՊԿ-ի միջամտությունից և Ղազախստանում պետական հեղաշրջման փորձի ձախողումից
Այդ մասին, իհարկե, չեն համարձակվում պաշտոնապես հայտարարել, նրանց վերաբերմունքն արտահայտվում է այլ կերպ
Հունվարի 11-ին Գեղարքունիքի մարզում հայկական դիրքերին Ադրբեջանի զինված ուժերի հասցրած հարվածները, ինչպես նաև դրան նախորդած օրերին Ադրբեջանի ԶՈւ կրակոցներն Արցախում բացի աշխարհաքաղաքական ներկայիս իրավիճակով ու զարգացումներով պայմանավորված լինելուց, Բաքվի բռնապետի, ավելի ճիշտ, թուրք-ադրբեջանական տանդեմի վրեժխնդրությունն էին Ղազախստանում ՀԱՊԿ զորքերի տեղակայման և այդ երկրում պանթուրքական ու պանիսլամական ծրագրերի ձախողման: Միաժամանակ դրանք դրանք զայրույթի արտահայտման յուրօրինակ ձև և ուղերձ էին` ուղղված Ռուսաստանին:
Այն, որ ուկրաինացի նացիստները և թուրք ազգայնամոլները Ղազախստանում ակտիվորեն և առանց թաքցնելու աջակցություն էին ցուցաբերում ջարդարարներին, արձանագրել են նաև ռուսական ԶԼՄ-ները:
Ընթերցողներից հավանաբար ոչ բոլորը գիտեն, որ պանթյուրքիզմի (համաթյուրքականության) գաղափարախոսությունը 1880-ական թվականներին ի հայտ է եկել ոչ միայն Օսմանյան կայսրությունում, այլև Ադրբեջանի (այն ժամանակ ՝ Ռուսական կայսրության մի մաս) թյուրքական մտավորականների շրջանում:
Այդ գաղափարախոսությունն ունի էթնիկ, մշակութային և լեզվային ընդհանրության հիման վրա աշխարհի բոլոր թյուրքական ցեղերի, դրանցով բնակեցված պետությունների միավորման, թյուրքական մեծ կայսրության ստեղծման ու գերիշխանության հաստատման նպատակ` հաղթահարելով, ոչնչացնելով դրա իրագործման ճանապարհին եղած ներքին և արտաքին բոլոր արգելքները, այսինքն` ուծացնելով, ձուլելով կամ ցեղասպանելով այլադավան, այլալեզու ազգերին:
Ղազախստանում ՀԱՊԿ ուժերի տեղակայումը սպասելի բացասական արձագանք առաջացրեց ոչ միայն Արևմուտքում, այլև Թուրքիայում և Ադրբեջանում, թեև Ադրբեջանի պարագայում արտահայտվեց ոչ թե պաշտոնական մակարդակով, այլ տեղի փորձագիտական հանրության ներկայացուցիչների բացահայտ դժգոհությամբ։ Այս կապակցությամբ ռուս վերլուծաբաններից Վյաչեսլավ Միխայլովը գրել է.
«Վստահաբար կարելի է ենթադրել հետևյալը` այն, ինչ Բաքուն այս կամ այն պատճառով ձեռնպահ է մնում պետական մակարդակով հայտարարելուց, ակտիվորեն բարձրաձայնում են իշխանություններին մոտ կանգնած քաղաքական վերլուծաբանները»։
Ադրբեջանական «Trend» լրատվական գործակալությունը հունվարի 9-ին հրապարակել է Անդրկովկասի հանրապետության քաղաքական մեկնաբանների կարծիքների ընտրանին «Քաղաքագետներն ու փորձագետները ՀԱՊԿ ուժերի մուտքը Ղազախստան անօրինական են համարում» վերտառությամբ։ Նրանցից, օրինակ, քաղաքական դիտորդ Թուրալ Իսմայիլովը նշել է, որ Ղազախստանում առաջացած խնդիրը «կարող էր լուծվել առանց ՀԱՊԿ-ի հետ կապ հաստատելու և նրա ուժերը երկիր մտցնելու»։
«Ամեն դեպքում, Ղազախստանում ՀԱՊԿ զորակազմի գործողությունները համակ ուշադրության կենտրոնում են,- ասել է նա:- Եթե մարդկանց նկատմամբ ցուցաբերվի հատուկ դաժանություն, ապա դա կնույնացվի 1990 թվականի հունվարի 20-ին ԽՍՀՄ բանակի բանդիտական խմբերի Բաքու մուտքի հետ»։
Ինչպես հայտնի է, խորհրդային բանակի «բանդիտական խմբերը» բանակի այն ստորաբաժանումներն էին, որոնք նշած ժամանակ Բաքու էին մտել տեղի հայ բնակչության մնացորդները կատաղած ջարդարարներից, բացահայտ ահաբեկչական տարրերից և ցեղասպանություն իրագործողներից փրկելու համար:
«Bakı xəbər» թերթի գլխավոր խմբագիր, քաղաքական դիտորդ Այդին Գուլիևը «Trend»-ին տված հարցազրույցում նշել է, որ «ՀԱՊԿ-ի միջամտության որոշումը հանգեցնում է Ղազախստանի ինքնիշխանության սկզբունքներին հակասող հետեւանքների», մինչդեռ Ղազախստանում իրադարձությունները պետք է համարել որպես այս երկրի ներքին գործ:
«Լուրջ կասկածներ կան, որ ՀԱՊԿ ռազմաքաղաքական մոդերատորները Ղազախստանի հետ կապված չարաշահել կամ նույնիսկ կողմնակալ կերպով են կիրառել են կազմակերպության կանոնադրության սկզբունքները,- ասել է նա:-Հատկանշական է նաև, որ ՀԱՊԿ-ի ռազմական ուժերը ինքնիշխան Ղազախստան մտցնելու որոշումն ընդունվել է այս կազմակերպության (Հավաքական) անվտանգության խորհրդում Հայաստանի նախագահության օրոք։
Այս որոշումը Հայաստանի` Ադրբեջանից ծանր պարտություն կրած պատերազմում, որի ժամանակ նաև Ղազախստանն էր ակտիվ քաղաքական աջակցություն հայտնել (Բաքվին), խոսում է այն բանի հավանականության մասին, որ ՀԱՊԿ-ը դարձել է թյուրքական պետության նկատմամբ վրեժխնդրության գործիք։
Ավելի կոնկրետ՝ Հայաստանի ղեկավարությունը կարծես թե վրեժ է լուծում Ղազախստանից` ազդելով նման որոշման ընդունման վրա»:
Գուլիևը «մոռացել» է, որ Ղազախստանի նախագահ Տոկաևն ինքն է խնդրել ՀԱՊԿ օգնությունը:
Ըստ «Bakı xəbər»-ի գլխավոր խմբագրի, ՀԱՊԿ-ն իր պատմության մեջ առաջին անգամ առաջնորդվել է, ընդ որում, ոչ ճիշտ ձևով, իր կանոնադրության (իրականում` պայմանագրի.- Ա.Հ.) 4-րդ հոդվածով։
«Ղազախստան ուժերի մուտքը ՀԱՊԿ պատմության մեջ կմնա մի քայլ, որի համար նա պետք է կրի ամենածանր պատասխանատվությունը,- ասել է նա:- Անցած մեկ տարվա ընթացքում մենք ականատեսն եղանք այն բանի, որ Հայաստանն առաջին անգամ փորձեց ՀԱՊԿ-ը վերածել Ադրբեջանի դեմ վրեժի և պատժի գործիքի, սակայն այդ փորձն ավարտվեց կատարյալ անհաջողությամբ»։
Իրականությունը, սակայն, այն է, որ Նիկոլ հողատուի դավաճանական իշխանությունը ՀԱՊԿ-ին միտումնավոր դիմել է նշված կազմակերպության պայմանագրի ոչ թե 4-րդ, այլ 2-րդ հոդվածով, որի դեպքում նախապես միանգամայն պարզ էր, որ չպետք է լիներ ՀԱՊԿ զինական օգնությունը:
Ղազախստանի նկատմամբ ՀԱՊԿ-ի միջոցով հայկական վրեժխնդրության մասին խոսակցությունները Ադրբեջանին քաղաքական փսիխոզն են, ինչը նկատել է նաև Վյաչեսլավ Միխայլովը:
Փորձագետ Իլյաս Հուսեյնովն, իր հերթին, «Trend»-ին ասել է, որ ՀԱՊԿ զորքերի մուտքը Ղազախստան անօրինական է։
Ակնհայտ է, որ Ադրբեջանը հավատարիմ է Ղազախստանի առնչությամբ Թուրքիայի քաղաքականությանը, որի ղեկավարությունը վերջին շաբաթում առանձնապես չի թաքցրել իր դժգոհությունն աշխարհում ամենամեծ թյուրքական երկրի կողմից ՀԱՊԿ իր դաշնակիցներին օգնության խնդրանքով դիմելու կապակցությամբ։
Միխայլովի կարծիքով, թյուրքական աշխարհի առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ինքնագնահատականը, ըստ երևույթին, հիմնովին խաթարված է: Ավելին, թուրքական ընդդիմության առաջնորդները ձգտում են կանգնել Ղազախստանում իշխանությունների դեմ ելածների դիրքերում, որոնք նույն համառությամբ, ինչպես Բաքվի մեկնաբանները, հիշատակում են ՀԱՊԿ-ի ներկայիս «հայկական դեմքը»։
Արթուր Հովհաննիսյան