Գարիկ Սարգսյանն ազատել է իր հրաժարականը պահանջած համայնքապետներին

ՏԻՄ արտահերթ ընտրություններին ընդառաջ Վեդու համայնքի ղեկավարի պաշտոնակատար նշանակված Գարիկ Սարգսյանը որոշումներ է ստորագրել ու խոշորացված համայնքի կազմում ընդգրկված 16 համայնքների վարչական ղեկավարներ նշանակել։

Մասնավորապես, նշանակվել են հետևյալ համայնքների ղեկավարները.

Նոր Կյանք – Արամ Արտաշյան

Այգավան – Արամ Շիրինյան

Լուսաշող – Արսեն Ալեքսանյան

Սիսավան – Արտավազդ Ղարիբյան

Վանաշեն – Գոռ Խաչատրյան

Գոռավան – Դավիթ Ավետիսյան

Եղեգնավան – Դավիթ Մեհրաբյան

Տափերական – Կարեն Խաչատրյան

Փոքր Վեդի –Կարեն Ստեփանյան

Շաղափ – Մարո Առաքելյան

Գինեվետ – Միսակ Սանթոսյան

Դաշտաքար – Նորիկ Մալխասյան

Ուրցաձոր – Նուշիկ Մարտիրոսյան

Ոսկետափ – Սարգիս Աբրահամյան

Նոր Ուղի – Սեւակ Առաքելյան

Լանջանիստ – Վահագն Միրզոյան:

Այս որոշումներով, ըստ էության, Գարիկ Սարգսյանն ազատվել է դեկտեմբերի 5-ին տեղի ունեցած ՏԻՄ համամասնական ընտրությունների արդյունքում իրեն պարտության մատնած համայնքապետներից։

Հիշեցնենք, որ Արարատի մարզի Վեդի խոշորացված համայնքում 2021 թվականի դեկտեմբերի 5-ին էին անցկացվել ՏԻՄ ընտրությունները։ Ընտրապայքարի էին դուրս եկել «Իմ հզոր համայնք», «Քաղաքացիական պայմանագիր» և «Հանրապետություն» կուսակցությունները։

Ամենաշատ ձայները ստացել էր «Իմ հզոր համայնք» կուսակցությունը, որի օգտին քվեարկել էր 8666 ընտրող։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, որը գլխավորում էր Արարատի նախկին մարզպետ, ընտրություններից հետո Վեդի համայնքի ղեկավարի պաշտոնակատար նշանակված Գարիկ Սարգսյանը, ստացել էր 7690 ձայն։

Իսկ «Հանրապետություն» կուսակցությունը, որի ղեկավարը հենց Արարատի մարզից է, ստացել էր 3299 ձայն։

Այսինքն՝ ընտրություններին մասնակցած որևէ քաղաքական ուժ չէր կարողացել հաղթահարել և հավաքել անցողիկ՝ 50+1% շեմը, ինչը նշանակում է, որ չէր կարող ինքնուրույն համայնքապետի թեկնածուին ընտրել առանց այլ ուժի հետ կոալիցիա կազմելու: Բայց կոալիցիա այդպես էլ չկազմվեց, փոխարենը՝ դեկտեմբերի 16-ին ավագանու «Հանրապետություն» և «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունների անդամները ինքնաբացարկ հայտնեցին և հրաժարվեցին մանդատներից, որից հետո էլ հայտարարեցին նոր ընտրություններ անցկացնելու մասին։