Պուտինը թույլ չի տա Միացյալ Նահանգներին ուժի դիրքերից խոսել Ռուսաստանի հետ. Պեսկով

Ռուսաստանը թույլ չի տա Ամերիկայի Միացյալ Նահանգներին կամ որևէ այլ երկրի խոսել իր հետ «ուժի դիրքերից»: Այս մասին ասել է Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը երեքշաբթի լույս տեսած «Արգումենտի ի ֆակտի» թերթին տված հարցազրույցում: Գրում է ՏԱՍՍ-ը:

«Ոչ ոք թույլ չի տա, որ Ամերիկան ​​Ռուսաստանի հետ խոսի ուժի դիրքերից: Դա անհնար է: Ամերիկացիները հիմա մանտրայի նման կրկնում են, որ բոլորի հետ կխոսենք ուժի դիրքերից: Ոչ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, և ոչ էլ Ռուսաստանի ղեկավարությունը թույլ չեն տա ոչ ամերիկացիներին, ոչ էլ որևէ մեկին մեզ հետ այդպես խոսել: Դա բացառվում է», – ասել է Կրեմլի խոսնակը:

Պատասխանելով այն հարցին, թե հնարավո՞ր է ԱՄՆ-ի հետ դիվանագիտական ​​հարաբերությունների խզում, Պեսկովն ասել է, որ «չէր ցանկանա խոսել ծայրահեղ սցենարների մասին»:

Մեկնաբանելով ԱՄՆ-ում ՌԴ դեսպան Անատոլի Անտոնովի`Մոսկվա խորհրդակցությունների հրավերը` պետության ղեկավարի մամուլի քարտուղարը հիշեցրել է, որ խոսքը Սպիտակ տան ներկայիս վարչակազմի օրոք ռուս-ամերիկյան երկկողմ հարաբերությունների վերանայումների մասին է: «Դրանից հետո արդեն կձևակերպվի որոշակի հասկացողություն այն մասին, թե դեպի ուր պետք է շարժվել»,- ասել է Պեսկովը:

Նա դրական է պատասխանել այն հարցին, թե կա՞ն արդյոք ընդհանուր թեմաներ, որոնց մասին Ռուսաստանը և ԱՄՆ-ն կարող են խոսել: «Դա ռազմավարական կայունությունն է, զենքի վերահսկողությունը, տարածաշրջանային հակամարտությունների կարգավորումը: Այն հակամարտությունները, որտեղ Միացյալ Նահանգների դերը կարող է ինչ-որ գործնական նշանակություն ունենալ», – թվարկել է Պեսկովը: Նաև նա նշել է, որ անհրաժեշտ է ԱՄՆ-ի հետ խոսել Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի և «աշխարհի շատ այլ խնդրահարույց իրավիճակների» շուրջ: