Շամախեցի պարուհին. Արմեն Օհանյան

Արմեն Օհանյանը (Տեր-Օհանյան) (օրիորդական անունը՝ Սոֆյա Էմանուելի Փիրբուդաղյան, 1887, Շամախի, Բաքվի նահանգ, Ռուսական կայսրություն – 1976, Մեխիկո, Մեքսիկա) հայ պարուհի էր և գրող, նաև՝ դերասանուհի, թարգմանչուհի, գրականագետ, կոմունիստական շարժման գործիչ։

Առաջին քայլերը Արմեն (Արմենուհի) Տեր-Օհանյան բեմական անունով կատարել է Բաքվի հայկական թատրոնում։ 1906-08 թթ. խաղացել է Բաքվի և Նոր Նախիջևանի հայկական թատրոններում, ապա՝ Մոսկվայի Գեղարվեստական թատրոնում, պարարվեստում մասնագիտացել է Լ. Նելիդովայի պլաստիկայի դպրոցում (Մոսկվա)։ Տեղափոխվելով Պարսկաստան՝ նա դարձել է եվրոպական տիպի պարսկական առաջին թատրոնի հիմնադիրը։ 1910-ին Թեհրանում պարսկերենով բեմադրել է Նիկոլայ Գոգոլի «Ռևիզորը», որտեղ նաև կատարել է Մարիա Անտոնովնայի դերը։

Պարսկաստանում Օհանյանն ուսումնասիրել է արևելյան պարեր և 1911-ից մինչև 1930-ականների սկիզբը որպես «պարսիկ պարուհի» հանդես է եկել տարբեր երկրներում՝ պրոֆեսիոնալ բեմում առաջին անգամ ցուցադրելով արևմտյան հանդիսատեսի համար տարաշխարհիկ արևելյան հնագույն և անտիկ աշխարհի լավ ոճավորված պարեր։

Օգտագործելով պարուհի Այսեդորա Դունկանի «ազատ պարի» մեթոդները, հայ, ռուս, պարսիկ երգահանների երաժշտությամբ և օգտագործելով զանազան դիմակներ՝ Օհանյանը ներկայացրել է մի շարք պարային համարներ։ Ելույթներ է ունեցել Եվրոպայի,

1927 թ. Օհանյանն ամուսնացել է մեքսիկացի դիվանագետ Մակեդոնիո Գարզայի հետ։ Որոշ ժամանակ նրանք ապրել են Մոսկվայում, ապա բնակություն են հաստատել Մեքսիկայում։ Օհանյանն ընդունվել է Մեքսիկայի կոմունիստական կուսակցության շարքերը։ 1936 թ Մեխիկոյում բացել է պարի դպրոց։

Ռուսերենից իսպաներեն թարգմանություններ է արել, իսպաներենով գրել մենագրություններ ռուս, խորհրդային և մեքսիկական գրականության մասին, այդ թվում՝ «Լև Տոլստոյ (1828-1910). կյանքը, դարաշրջանը, ստեղծագործությունները» (1934), «Գորկու ուղին մե´րն է» (1935), «Իսպանական գրականության մարքսիստական վերլուծություն» (1937), «Երջանիկ Հայաստան» (1946), «Մեքսիկան և մշակույթը» (1967) և այլն։ Իր ստեղծագործություններից ամենաշատն արժևորել է «Իղձս ղարիբի» հայերեն պոեմը։

1950 թ. ավարտել է Մեխիկոյի ազգային համալսարանի փիլիսոփայության բաժինը։ 1958 թ. ամուսնու հետ այցելել է Խորհրդային Միություն, եղել Հայաստանում և իր արխիվի մի մասը նվիրել Երևանի Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանին։

Աղբյուրը՝ Հայտնի Մարդկանց Շարքից