Սյունիքի դարպասները բաց են թշնամու առաջ, փոխարենը՝ ժողովրդի առաջ զոդում են ԱԺ դարպասները. Իվետա Տոնոյան

Այն, որ մեր երկրում իրավիճակը պայթյունավտանգ է, երկրորդ կարծիք լինել չի կարող: Սյունիքում ադրբեջանական զինուժը նոր խրամատներ են փորում, և այս փաստը չեն ժխտում նույնիսկ իշխանությունները: Այս մասին խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը:

«Ստացվում է՝ Սյունիքի դարպասները բաց են թշնամու առաջ, փոխարենը՝ ժողովրդի առաջ զոդում են ԱԺ դարպասները: Դրանում համոզվեցինք երկու օր առաջ, երբ ԱԺ-ի շենքից դիպուկահարները նշանառության տակ էին վերցրել խաղաղ ցույցի մասնակիցներին: Որքան էլ իշխանության ներկայացուցիչները փորձեն դրա համար մտացածին հիմնավորումներ ներկայացնել, սա չունի որևէ արդարացում ու բացատրություն»,- ասաց պատգամավորը՝ նշելով, թե իշխանություններն իրենց սեփական վախերը փարատելու նպատակով պատրաստ են ամեն քայլի:

«Մարտի 1-ի հանրահավաքի կազմակերպչական աշխատանքների ընթացքում բոլորս տեսանք, թե ինչ կարգի պետական և վարչական ռեսուրս օգտագործվեց իշխանությունների կողմից»,- ասաց Տոնոյանը՝ նշելով, թե չի հասկացել՝ ինչու էին իշխանականները ոգևորությամբ տարածում այդ հանրահավաքի լուսանկարները։

«Մաթեմատիկական նվազագույն գիտելիքներ ունեցող մարդը շատ լավ կարող էր հասկանալ, որ Հանրապետության հրապարակում հավաքված է իշխանությանը, Նիկոլ Փաշինյանին քվե տված շուրջ 880 հազար քաղաքացիների ընդամենը 3 տոկոսը»,-ասաց նա:

Հարցին՝ «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը շարունակո՞ւմ է մնալ ԲՀԿ վարչապետի թեկնածուն, Տոնոյանն արձագանքեց. «Մենք որևէ այլ հայտարարություն չենք արել»:

Հարցին՝ այսօր Նիկոլ Փաշինյան-Գագիկ Ծառուկյան հանդիպում նախատեսվա՞ծ է, Տոնոյանը բացասական պատասխան տվեց: