Փաշինյանի դեմ քրգործ հարուցելու վերաբերյալ բողոքի հաջորդ քննությունը նշանակվեց փետրվարի 24-ին

«Բացառվում է նույն անձի նկատմամբ նույն մեղադրանքով քրեական գործ հարուցելու, քրեական հետապնդում իրականացնելու հնարավորությունը»,-Երևանի ընդհանուր իրավասության դատարանում հայտարարեց վարույթն իրականացնող մարմնի ներկայացուցիչ  Դավիթ Բոստանջյանը՝ անդրադառնալով փաստաբան Արամ Օրբելյանի՝ Նիկոլ Փաշինյանի դեմ քրեական գործ հարուցելու վերաբերյալ դիմումին։

Հիշեցնենք, որ նիստը ընթանում էր դատավոր Մնացական Մարիրոսյանի գլխավորությամբ։ Սա երկրորդ նիստն էր։ Նախորդ նիստին վարույթ իրականացնող մարմնի և դատախազության ներկայացուցիչները չէին մասնակցում։

Փաստաբաններ Հովհաննես Խուդոյանն ու Արամ Օրբելյանը բողոքարկում են ՀՔԾ-ի՝ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ քրեական գործ չհարուցելու վերաբերյալ որոշումը։ Նիստին այսօր մասնակցում էր միայն Հովհաննես Խուդոյանը։

Դ. Բոստանջյանն ասաց, հաղորդում ներկայացրած անձը հղումներ է կատարել Նիկոլ Փաշինյանի կողմից արված մի շարք գրառումների ու հայտարարությունների, իսկ վարույթն իրականացնող մարմինը նախաքննության ընթացքում պարզել է, որ առկա են նույնաբովանդակ, նմանատաիպ հանցագործությունների մասին հաղորդումներ, որոնց վերաբերյալ արդեն կայացվել են որոշումներ, և դրանք վերացված չեն։

Հիշեցնենք, որ այս որոշումների համաձայն մերժվել է քրեական գործերի հարուցումը՝ հանցադեպի բացակայության հիմքով։

«Ինչ վերաբերում է ՀՀ դատարանների շենքերն արգելափակելուն, ապա դրա առթիվ նախապատրաստվել են նյութեր, կրկին առկա է չվերացված որոշում։ Այս պարագայում ևս քրեական գործի հարուցումը մերժվել է հանցագործության դեպքի բացակայության հիմքով»,-ասաց վարույթ իրականացնող մարմնի ներկայացուցիչը՝ նշելով, որ քրգործի հարուցումը մերժելու վերաբերյալ ՀՔԾ որոշումը պատճառաբանված է։

Նա նշեց, որ ներկայացված բողոքն անհիմն է  ու ենթակա է մերժման։

Դատախազ Գևորգ Պետրոսյանը, անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ «վրեժի պատրաստվելու» մասին գրառմանը, նշեց, որ սրա վերաբերյալ նյութեր են նախապատրաստվել ԱԺ պատգամավոր Արման Աբովյանի, «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանի, ՀՀ առաջին ՄԻՊ Լարիսա Ալավերդյանի դիմումների հիման վրա։ Դրանք  քննության առարկա են դարձել։
Նա անդրադարձավ նաև այլ դրվագների, խնդրեց մերժել դիմումը անհիմն լինելու հիմքով։

Խուդոյանը ժամանակ խնդրեց դատախազի ու ՀՔԾ ներկայացուցչի հիմնավորումներին ծանոթանալու ու դրանց արձագանքելու համար, իսկ մինչ այդ ասաց, որ համակարծիք չէ, որ ՀՔԾ-ի կայացրած որոշումները պատշաճ մակարդակով պատճառաբանված են, ինչի մասին վկայում է վարույթն իրականացնող մարմնի ներկայացուցչի մեկնաբանությունները։

«Միայն այն, որ հարգելի գործընկերս բավականին երկար ներկայացրեց իր կայացրած որոշումը, արդեն իսկ վկայում է, որ այն լրացուցիչ պատճառաբանության կարիք ուներ։ Այն, ինչ ներկայացվեց դատարանում, ներկայացված չի եղել որոշման մեջ»,-ասաց փաստաբան Խուդոյանը՝ ավելացնելով, որ խախտումների մասին կարող է խոսել նյութերին ծանոթանալուց հետո։

Դատարանը Խուդոյանին տրամադրեց նյութերը, հաջորդ դատական նիստը նշանակվեց փետրվարի 24-ին ժամը 10-ին։

Աղբյուրը՝ Panorama.am