Երևանի քաղաքապետը՝ Չեխիայում դեսպան նշանակվելու մասին

Հրաժարական տալ չեմ պատրաստվում, ես խոստումներ եմ տվել ժողովրդին և քայլ առ քայլ կատարում եմ դրանք: Այս մասին փետրվարի 9-ին Երևանի ավագանու նիստից հետո հարցուպատասխանի ժամանակ ասաց քաղաքապետ Հայկ Մարությանը: Անդրադառնալով իրեն Չեխիայում ՀՀ դեսպան նշանակվելու մասին լուրերին՝ նա հեգնանքով նշեց. «Մինչ Չեխիան դեսպան էի նշանակվել ԱՄՆ-ում և պատրաստվում էի ընդունել Ճապոնիայում դեսպանի պաշտոնը»:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Մարկոս Հարությունյանը խնդրեց Մարությանին, որ աշխատանքից ազատվելու դեպքում ավագանին լուծարելու միջոց գտնի, քանի որ նրա ոչ մի ներկայացուցիչ արժանի չէ զբաղեցնել Երևանի քաղաքապետի պաշտոնը:

Նա նաև կոչ արեց քաղաքապետին խոստովանել, որ, ի տարբերություն իրեն, նախկին իշխանությունները կառուցել են 10 նոր բազմաբնակարան շենքեր և լուծել են 20-30 վթարային շենքերի խնդիրը, իսկ ինքը փորձում է իր վրայից հանել Երևանի խնդիրների լուծման պատասխանատվությունը: