Վահան Տերյանի Հոգևոր Հայաստանը

Այսօր հայ մեծ սիրեգակ, հասարակական-քաղաքական գործիչ Վահան Տերյանի (իսկական անունը՝ Վահան Սուքիասի Տեր-Գրիգորյան) ծննդյան օրն է. նա ծնվել է 1885 թ. փետրվարի 9-ին՝ Ախալքալաքի (այժմ Ջավախք) Գանձա գյուղում՝ հոգևորականի ընտանիքում: Ներկայացնում ենք հատվածներ Տերյանի «Հոգևոր Հայաստան» հոդվածից: (Եվ ինչո՞ւ չունեցանք Տերյանի երազած Հոգևոր Հայաստանը, և կունենա՞նք արդյոք…)

…Չպետք է ծույլերի հոգեբանությամբ հույսներս դնենք լոկ արտաքին հրաշքների վրա. չպետք է մեզ կերակրենք այն հավատով, որ մի արտաքին փոփոխություն, մի դյութական ձեռք մեզ ազգ կդարձնի: Չպետք է կամենանք մեր հույսը և ապագան նյութական Հայաստան գաղափարի վրա հիմնել, այլ պիտի տենչանք ու աշխատենք Հոգևոր Հայաստանի համար:

Հակառակ դեպքում մենք կնմանվենք մեր տգետ հայ բուրժուային, որ առատ ձեռքով նվիրում է իր ոսկին դպրոցական շենքեր կառուցելու, առանց երբևիցե մտածելու, թե ինչպիսի՞, ի՞նչ դպրոց է լինելու այդ շենքի մեջ, թե վերջապես դպրո՞ց է լինելու դա… Ով լոկ շենքերի մասին է մտածում, նա «չգիտի ինչ է անում»:

Նայեցեք՝ մեր Հայրենիքում դուք կգտնեք շատ ու շատ շքեղ ու հոյակապ դպրոցական շենքեր (որոնց ճակատին անշուշտ ոսկետառ փորագրված է պանծալի բարերարի անունը). սակայն կգտնե՞ք արդյոք մի դպրոց, որ օրինակելի լիներ, կանգնած լիներ իր բարձրության վրա…

Չկամենանք շքեղ շենքերի հայրենիք դարձնել մեր Հայրենիքը, հոգու և մտքի՛ հպարտությամբ ճոխացնենք նրան:

«Շենքերի հայրենասիրությունը» – դա՛ է ահա մեր լիբերալ-ազգասեր-բուրժուա-ինտելիգենցիայի հայրենասիրությունը:

Ահա այդ արտաքին սահմաններով առանձնացած խավարի մեջ դեգերող, բայց օտարների աչքին թոզ փչելու համար պատեհ դեպքերի համար արտաքին շքեղ ու հոյակապ շենքերով ճոխ Հայաստանն է նրանց բաղձանքի առարկան:

Դա հայ համազգեստը հագին հայ ոստիկանի մի հայրենիք է:

Չկամենա՛նք այդպիսի մի հայրենիք:

Հիշենք, որ այդ զոոլոգիական ազգասիրության արդյունքն է մեր այսօրվա հոգեկան-մտավոր սնանկությունը, մեր կուլտուրական թշվառությունը:

Որովհետև որպիսի՞ Հայաստան կարող է ստեղծել զոոլոգիական ազգասեր բուրժուա ինտելիգենտը, որը հայության ամենավսեմ գանձը – լեզուն արհամարհում է, եթե ոչ մի հայ ոստիկանի հայրենիք…

Այդպիսի հայրենիք ես չե՛մ ուզում:

Որովհետև, մի՞թե դիակ է իմ կամեցածը:

Իսկ մեր այսօրվա արյունալի հանդեսի ապազգայնացած թամադաների հայրենիքը, նրանց բաղձանքը մի դիակ է անհոգի:

Ու՞ր էր նրանց հռետորական ճարտարությունը, նրանց կրակե ոգևորությունը, նրանց հեռատես և խորաթափանց միտքը, նրանց բորբոքուն սերը, երբ մեռնում էր, երբ այժմ էլ մեր աչքի առջև մեռնում է այն, ինչ Հայաստանի հոգին ու սիրտն է, նրա ամենից թանկագին ու վսեմ գանձը, նրա կենդանության և ապագայի լավագույն առհավատչյան: Ու՞ր էին նրանք և ո՞ւր են, երբ մեռնում է արհամարհված ու ընկած, բայց ազնիվ ու լուսեղեն հոգի՛ն Հայաստանի, երբ մեռնում է Հոգևոր Հայաստանը:

Այդ Հոգևոր Հայաստանի կառուցումը ծանր ու տևական աշխատություն է պահանջում, անթիվ կյանքերի տոկուն հավատ և գիտակցություն, անարյուն, բայց ազնիվ, գուցե ավելի դժվար, ավելի ահավոր զոհաբերում, քան արյունի զոհաբերումը…

Քննեցեք ձեր սիրտը և նայեցեք, թե կա՞ արդյոք այնտեղ հավատ, որով պիտի կենդանանա մեր այդ Հոգևոր Հայաստանը. եթե չկա, ապա զուր են ձեր ջանքերը նյութական Հայաստանի համար… Նա չի կենդանանա: Նա հոգո՛վ միայն կարող է կենդանի լինել: Դատարկ խոսքեր են մեր փոքր ազգ լինելու մասին հնչող ճառերը. ո՛չ բելգիացիք են մեծ ազգ, ո՛չ նորվեգացիք, մինչդեռ որպիսի դյութական անուններ են դրանք, որքա՜ն սիրելի ոչ միայն իրենց՝ այդ երկրների զավակների, այլև մեզ և ուրիշների համար…

Այսօրվա ահավոր անցքերը, ինչպես շատ իրավացի նկատել էր մի հայտնի ռուս գրող, ոչ միայն աշխարհագրական սահմանագծերը պիտի փոխեն, ազգերի փոխադարձ հարաբերությունների մի նոր դասավորում ստեղծեն, այլև գաղափարական աշխարհում պիտի մի նոր հեղաշրջում, մի վճռական փոփոխություն առաջացնեն:

Եվ հիրավի: Այսօր մեր առջև կատարվող հսկայական անցքերը պիտի անհետ չանցնեն մեր հոգու համար, նրանք իրենց հեղաշրջող ազդեցությունը պիտի ունենան…