Այսուհետ Արցախի անվտանգության խորհուրդը նիստեր է հրավիրելու ավելի հաճախակի. կայացել է Արցախի անվտանգության խորհրդի նիստ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի նախագահությամբ փետրվարի 8-ին նիստ է գումարել Անվտանգության խորհուրդը՝ ընդլայնված կազմով: Այս մասին հայտնում են Արցախի նախագահի աշխատակազմից։

Օրակարգում ներառված հարցերը վերաբերում էին հետպատերազմյան իրողություններին՝ Արցախի Հանրապետության անվտանգության ապահովման հարցերից մինչեւ Արցախի իշխանության վերահսկողությունից դուրս մնացած շրջանների եւ դրանց բնակիչների խնդիրներ:

Զեկուցումներով հանդես են եկել Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը, Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը, քաղաքաշինության նախարար Արամ Սարգսյանը:

Անվտանգության խորհուրդը զեկուցումների հիման վրա լրացուցիչ քննարկումներ կծավալի եւ առաջարկություններով կդիմի գործադիր եւ օրենսդիր իշխանության մարմիններին:

Նախագահ Արայիկ Հարությունյանը տեղեկացրել է, որ այսուհետ Անվտանգության խորհուրդը նիստեր է հրավիրելու ավելի հաճախակի՝ ըստ նախօրոք հայտնի օրակարգի, իսկ հրատապ հարցերի դեպքում՝ ըստ անհրաժեշտության: