ՌԴ ԱԳՆ-ն 3 եվրոպացի դիվանագետների անցանկալի անձ է հայտարարել

Ռուսաստանում չհամաձայնեցված գործողություններին մասնակցած Շվեդիայի, Լեհաստանի և Գերմանիայի դիվանագետները ճանաչվել են անցանկալի անձ և շուտով կլքեն երկիրը: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում տալով Ռուսաստանի արտգործնախարարությանը:

Ինչպես նշված է դիվանագիտական գերատեսչության կայքում տեղադրված հաղորդագրության մեջ, «նախարարություն են կանչվել Շվեդիայի Թագավորության դեսպանը, Լեհաստանի Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատարը և Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանության բանագնացը»:

«Դիվանագետներին բողոք է ներկայացվել կապված 2021 թվականի հունվարի 23-ին Սանկտ Պետերբուրգում Շվեդիայի Թագավորության և Լեհաստանի Հանրապետության հյուպատոսությունների և Մոսկվայում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանատան աշխատակիցների` ապօրինի ակցիաներին մասնակցության կապակցությամբ: Ընդգծվել է, որ իրենց կողմից նման գործողություններն անընդունելի են և չեն համապատասխանում նրանց դիվանագիտական կարգավիճակին», – ասվում է հաղորդագրության մեջ:

Ռուսաստանի արտգործնախարարությունը տեղեկացնում է, որ անօրինական գործողություններին մասնակցած դիվանագետներն անցանկալի անձ են հայտարարվել: «Նրանց հրահանգվել է մոտ ժամանակներս լքել Ռուսաստանի Դաշնության տարածքը»,-շեշտել է ԱԳՆ-ն:

Հունվարի 23-ին չհամաձայնեցված բողոքի ակցիաներ են տեղի ունեցել Ռուսաստանի տարբեր քաղաքներում և շարունակվել են հունվարի 31-ին և փետրվարի 2-ին՝ չնայած իշխանությունների բազմաթիվ նախազգուշացումներին: Բողոքի ակցիաները կազմակերպվել էին հաջակցություն ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի: