ԱՄՆ և եվրոպական մի շարք երկրներ հանդես են եկել Նավալնիի ազատ արձակելու կոչով. ՌԴ ԱԳՆ-ն արձագանքել է

Գերմանիայի ԱԳ նախարար Հայկո Մաասը կոչ է արել ՌԴ իշխանություններին ազատ արձակել բլոգեր, ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիին, որին դատարանն այսօր դատապարտել է 3.5 տարվա ազատազրկման:

«Ալեքսեյ Նավալնիի դեմ դատավճիռը կոշտ հարված է Ռուսաստանում օրենքի գերակայության սկզբունքին և իրավունքների պաշտպանության օրենքին»,- РИА Новости-ի փոխանցմամբ՝ ասվում է գերմանացի նախարարի թվիթերյան հաղորդագրության մեջ:

Գործակալության փոխանցմամբ՝ նույն կոչով են հանդես եկել մի շարք այլ երվրոպական երկրների ներկայացուցիչներ, որոնց թվում՝ Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Դոմինիկ Ռաաբը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը:

Նման հայտարարությամբ հանդես է եկել նաև ԱՄՆ պետքարտուղարությունը: «ԱՄՆ-ն խորապես մտահոգված է Ալեքսեյ Նավալնիի իրական ժամկետով ազատազրկելու մասին որոշման ընդունմամբ և կոչ է անում Ռուսաստանի իշխանություններին ազատ արձակել նրան»,- հայտարարել է պետքարտուղար Էնթոնի Բլինքենը:

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, մեկնաբանելով արևմտյան երկրների կոչերը, հայտարարել է, որ նրանք չպետք է միջամտեն ինքնիշխան պետության գործերին: