Ոչ թե պետք է լռել, այլ պետք է աղաղակել, ամբողջ միջազգային հանրությանը կոնսոլիդացնել այս հարցի շուրջ. Մարուքյանը ռազմագերիների վերադարձի մասին

Այսօր խորհրդարանական ճեպազրույցի ընթացքում ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչու են իշխանության ներկայացուցիչները հայտարարում, որ պետք չէ խոսել, հարցել տալ ու հայտարարություններ անել հայ ռազմագերիների մասին, իբրև թե գերիների վերադարձը չխոչընդոտելու համար՝ նշեց. «Գոնե կոնկրետ մինչև հունվարի 11-ը Հայաստանում եղել է լռություն ռազմագերիների հետ կապված»:

Նրա խոսքով, երբ հայտնի է դարձել, որ վարչապետը գնալու է Մոսկվա եռակողմ հանդիպման այդ հարցը դարձել է հանրային քննարկման առարկա, իսկ օրակարգը պետք է լիներ ռազմագերիների վերադարձը և վարչապետը վերահաստատել է, որ, այո, գնում է այդ օրակարգով: Վարչապետը գնացել է և չի ստացվել վերադարձի հարցը:

«Հիմա, եթե հաշվի առնենք, որ մինչև այդ լռել ենք և որևէ ձևով չի ազդել պրոցեսի վրա, ես կարծում եմ, ոչ թե պետք է լռել, այլ պետք է աղաղակել, ամբողջ միջազգային հանրությանը կոնսոլիդացնել այս հարցի շուրջ և հասնել նրան, որ Ադրբեջանի վրա ճնշումները մեծանան, անգամ սանկցիաններ կիրառվեն, որ Ադրբեջանը վերադարձնի պատերազմից հետո իր մոտ մնացած ռազմագերիներին»,- նշեց  Մարուքյանը։

Նրա կարծիքով, ռազմագերիների հետ կապված 8-րդ կետը չեն կարողանում իրականացնել։

«Ես կարծում եմ՝ պետք է Ռուսաստանի և Հայաստանի ջանքերին միանա Միացյալ Նահանգները, Ֆրանսիան, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկու երկրներ, դրան գումարած նաև Եվրամիությունը և շատ այլ երկրներ»,- հավելեց պատգամավորը: